Ստատիններով բուժումը կարող է երկրորդ տիպի դիաբետ առաջացնել, ցույց է տվել վերջերս կատարված հետազոտությունը: Ստատիններ նշանակում են այն հիվանդներին, որոնց դեպքում սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը բավական մեծ է: Ստատինները զգալիորեն նվազեցնում են այդպիսի հիվանդների ինֆարկտի եւ կաթվածի ռիսկը, նաեւ սրտային անբավարարության հետ կապված մահացու ելքերը:

Քլիվլենդի կլինիկայում սրտային վերականգնման բժշկական տնօրեն Մայքլ Ռոկկոն ուսումնասիրում է ստատինների օգտագործման ռիսկի եւ օգուտի հարաբերակցությունը:

Նա սրտանոթային հիվանդությունների մեծ ռիսկի ենթակա հիվանդներին խորհուրդ չի տալիս ստատիններով բուժումը դադարեցնել միայն այն պատճառով, որ կարող է դիաբետի ռիսկ առաջանալ: Դիաբետի չափավոր ռիսկը չի կարող ի չիք դարձնել սրտանոթային հիվանդությունների բուժման գործում ստատինների առավելությունները: Բժիշկ Ռոկկոն նշում է, որ այն հիվանդները, որոնց դեպքում կլինիկական փորձարկումների ժամանակ դիաբետ է զարգացել, արդեն դիաբետի ռիսկային գոտում են եղել: