ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, կմասնակցի հունիսի 8-ից 10-ը Նյու Յորքում կկայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված հանդիպմանը:
Հանդիպմանը մասնակցում են ՄԱԿ-ի անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, միջազգային կառույցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ:
Հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան քննարկելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ գլոբալ պայքարի առաջընթացը, ներկայացնելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներով 2001թ. հատուկ նիստի ժամանակ ընդունված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների հռչակագրով եւ Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ 2006թ. եւ 2011թ. ընդունված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ քաղաքական հռչակագրերով երկրների ստանձնած պարտավորությունների շրջանակներում արձանագրած ձեռքբերումներն ու հաջողությունները, վերլուծելու բացթողումներն ու մարտահրավերները:
Հանդիպմանը երկրների համար հիմնաքար կդառնա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ակտիվացումը` նախանշելով առաջիկա հինգ տարիներին ՁԻԱՀ-ի համաճարակի հակազդմանն ուղղված միջոցառումների կարեւորությունն ու հիմնական ուղղությունները:
ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ կունենա ՀՀ առողջապահության նախարարը: Հանդիպման ավարտին ՄԱԿ-ի անդամ պետությունները կընդունեն մինչեւ 2030թ. ՁԻԱՀ-ի համաճարակի վերացմանն ուղղված քաղաքական նոր հռչակագիր: Այն կհաստատի համաշխարհային հանրության հանձնառությունը հիվանդության կանխարգելման, բուժման, խնամքի համընդհանուր հասանելիության ապահովման ուղղությամբ` ընդգծելով համընդհանուր պատասխանատվություն:






