Վայոց ձորի մարզի «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում այսօրվանից կգործի հեմոդիալիզային ծառայությունը: ՀՀ առողջապահության նախարարի հրամանով տվյալ բժշկական օգնության եւ սպասարկման անհրաժեշտությունն ունեցող քաղաքացիները պետական պատվերի շրջանակում ծրագրային հեմոդիալիզի ծառայությունից կօգտվեն հենց իրենց բնակության վայրում եւ ստիպված չեն լինի հասնել մայրաքաղաք։

Ինչպես հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, վերջին տարիներին քայլեր են ձեռնարկվել հեմոդիալիզի ծառայության աշխարհագրությունը մարզերում ընդլայնելու ուղղությամբ: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ` ՀՀ առողջապահության նախարարությունը Վայոց ձորի մարզպետարանի հետ համատեղ վերջին ամիսներին ձեռնամուխ է եղել հեմոդիալիզային ծառայության գործարկման աշխատանքներին:

Մասնավորապես` ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ, իրականացվել է անհրաժեշտ կադրերի վերապատրաստում: Արդյունքում, այսօրվա տվյալներով, նորաստեղծ ծառայությունը բուժօգնություն կտրամադրի 6 հիվանդի: