2015-ի սկզբից մինչեւ 2016-ի մայիս սրտի սուր կաթվածով 2224 հիվանդ Հայաստանում օգտվել է Սրտի անհետաձգելի վիրահատության «Stent for life» ծրագրից: Այդ մասին լրագրողներին հայտնել է Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:
Նրա խոսքով, 2015-ին ծրագրի մասնակից է դարձել 1519 մարդ, նրանցից 1394-ը պսակաձեւ զարկերակների ստենտավորման վիրահատության է ենթարկվել, իսկ մնացածները անվճար հետազոտություններ են անցնել, որոնք չեն հաստատել ստենտավորման անհրաժեշտությունը:
2016-ին ծրագրին արդեն 705 մարդ էր մասնակցել:
Հիշեցնենք, որ 2015-ի հունվարից Հայաստանում գործում է «Stent for life» ծրագիրը: Այդ ծրագրի շրջանակում բոլոր հիվանդները, որոնք համապատասխանում են ծրագրի չափանիշներին (հիվանդը պետք է միոկարդի կաթված ունենա ST աստիճանով (սրտի սուր կաթվածի ամենածանր դեպքն է, որը հայտնի է որպես ընդարձակ կաթված), կկարողանան պետպատվերի շրջանակում ստենտավորում անցնել, որը կարող է փրկել նրանց կյանքը: Ծրագրի մասնակից կարող են դառնալ անձինք, որոնք ներառված չեն անվճար բուժսպասարկման, այդ թվում` ստենտավորման իրավունք ունեցող սոցիալական խմբերում:
Ծրագիրը մեկնարկել է Երեւանի 4 բուժկենտրոնում, ինչից հետո դրանում ներառվել են նաեւ մնացած բոլոր հիվանդանոցները, որոնք անգիոգրաֆիական ծառայություն ունեն, ինչպես նաեւ Գյումրիի եւ Գորիսի մարզային հիվանդանոցները:
Մասնագետները պնդում են, որ այդ ծրագրի ներդրումից հետո Հայստանում սրտի կաթվածների հետեւանքով մահացությունը նվազել է:






