2017-ի առողջապահության բյուջեի հայտում նախատեսված է սքրինինգային երկու նոր ծրագիր մտցնել, որոնք ուղղված են ժամանակին ի հայտ բերելու վահանաձեւ գեղձի եւ շագանակագեղձի հիվանդությունները:  Այդ մասին լրագրողներին հայտնել են Առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը եւ Հայաստանի Առողջապահության նախարարության արտահիվանդանոցային քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը: 

Նրանց խոսքով, սոցփաթեթի շրջանակում իրականացվող հետազոտությունները ցույց են տվել, որ վահանաձեւ գեղձի հիվանդությունները շատ տարածված են  Հայաստանում. այդ օրգանի այս կամ այն պաթոլոգիա հայտնաբերվում է ամեն երրորդ  կնոջ մոտ: Ընդ որում, հիվանդները ոչ միշտ գիտեն եւ զգում են, որ իրենք վահանագեղձի խնդիր ունեն, եւ տեսողական առումով էլ այդ հիվանդությունները ոչ միշտ են նկատելի, այդ պատճառով շատ կանայք հաճախ բավականին ուշ են դիմում բժշկի, երբ վահանաձեւ գեղձի խնդիրների պատճառով նրանց մոտ հորմոնային խանգարումներ են առաջանում:   Այդ հիվանդություններն ավելի ժամանակին ի հայտ բերելու համար առաջարկվում է ավելի ընդլայնված սքրինինգային ծրագիր ներդնել, որի շրջանակում կհետազոտվեն ոչ միայն սոցփաթեթ ունեցողները, այլեւ շատ ուրիշներ:  

Նույնը վերաբերում է շագանակագեղձի հիվանդություններին, մասնավորապես` շագանակագեղձի քաղցկեղին, որը սովորաբար հայտնաբերում են բավականին ուշ, չէ որ երկար ժամանակ այն առանց ախտանիշների է ընթանում: Սքրինինգային ծրագրի շրջանակում որոշակի տարիքային խմբերի տղամարդիկ կկարողանան արյան անալիզ հանձնել ուռուցքանշիչներ հայտնաբերելու համար, որոնք կկարողանան մատնանշել նրանց մոտ քաղցկեղային ուռուցքի առկայությունը: Դա կօգնի ուռուցքը հայտնաբերել ավելի շուտ, քան այն կտարածվի այլ օրգանների վրա: 

Առայժմ սքրինինգային ծրագրերը մշակման փուլում են, սակայն նրանց հեղինակները համոզված են, որ եթե դրանք ներդրվեն, դրանց օգնությամբ հնարավոր կլինի ժամանակին հայտնաբերել եւ բուժել վահանաձեւ գեղձի եւ շագանակագեղձի հիվանդությունները, որոնք ուշ ախտորոշման դեպքում լուրջ հետեւանքների կհանգեցնեին: