Աշխարհում առաջին` գլխի փոխպատվաստման վիրահատությունն ամենայն հավանականությամբ կիրականացվի Գերմանիայում: Այդ մասին հայտնել է իտալացի վիրաբույժ Սերջիո Կանավերոն: Թե ճշգրիտ որ հիվանդանոցում կվիրահատվի Վալերի Սպիրիդոնովը, առայժմ հայտնի չէ, բայց լիովին պարզ է, որ բժշկական հաստատությունը պետք է համապատասխանի մի շարք լուրջ պահանջների, որպեսզի վիրահատությունը հնարավոր դառնա: Վիրաբույժի կարծիքով, նման կենտրոններ այսօր միայն Գերմանիայում կան: 

Հայտնի չէ նաեւ վիրահատության ճշգրիտ ամսաթիվը, բայց ավելի վաղ հաղորդվել էր, որ այն 2017-ի դեկտեմբերից շուտ չի իրականացվի: Կանավերոն իր չինացի գործընկեր Ռեն Սյաոպինի հետ արդեն ներկայացրել է առաջիկա փոխպատվաստման մի քանի մանրամասն, իսկ չինացի բժիշկը հայտնել է գլխի մկանների կենսունակության պահպանման  հաջող փորձարկումների մասին: Բացի այդ, նա առնետների եւ կապիկների վրա հետազոտություններ է կատարում: 

Վիրահատության արժեքը 10 մլն եվրոյից պակաս չի լինի: Կանավերոն հույս ունի որպես հովանավոր ներգրավել մասնավոր ներդրողների: 

Ավելի վաղ մասնագետների խումբը դիտարկում էր Վալերիին Բրիտանիայում եւ Ֆրանսիայում վիրահատելու հնարավորությունը, դիտարկվել է նաեւ Ռուսաստանում վիրահատություն կատարելու հնարավորությունը. այդ դեպքում վիրահատության արժեքն անհամեմատ ավելի ցածր կլիներ: 

Վիրահատության նախապատրաստությունն այսօր ակտիվորեն քննարկվում է գիտական եւ բժշկական ընկերակցությունում. որոշ մասնագետներ համոզված են, որ բժշկության մեջ մեծ առաջընթաց է գրանցվելու, իսկ ուրիշները գլխի փոխպատվաստումը թանկարժեք արկածախնդրություն են համարում: