Քաղցկեղային հիվանդություններն այսօր համարվում են ամբողջ աշխարհում մահացության երկրորդ հիմնական պատճառը: Քաղցկեղի առավել ագրեսիվ տեսակներից մեկը՝ մելանոման, մաշկի քաղցկեղի տարատեսակ է, որը ուշ ախտորոշվելու դեպքում գրեթե չի բուժվում: Լրագրողների հետ զրույցում առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը նշեց, որ մելանոմայի մասին տեղեկությունների տարածումը բնակչության ու բժիշկների շրջանում կօգնի ժամանակին ախտորոշել այդ հիվանդությունը ու նվազեցնել դրանից մահացոթյունը:

Հենց այդ նպատակով էլ հունիսի 9-11-ը Հայաստանում Հայկական հակաքաղցկեղային լիգայի ու պլաստիկ, ռեկոնստրուկտիվ ու էսթեթիկ վիրաբույժների նախաձեռնությամբ անցկացվում են Մելանոմայի վաղ ախտորոշման ու կանխարգելման օրեր, որոնց շրջանակում մասնագետները ծրագրում են երկրում տարածել տեղեկություններ այդ հիվանդության մասին, այն մասին, թե ինչպես կարելի է այն կանխել ու ինչ ախտանիշների դեպքում է պետք բժշկի դիմել:

Հունիսի 9-ին Երեւանում այս Օրերի շրջանակում անցկացվում է մելանոմայի թեմայով գիտաժողով ամենատարբեր մասնագիտացումների բժիշկների համար, որը կօգնի թարմացնել նրանց գիտելիքները այդ հիվանդության մասին ու գուցե նաեւ նոր տեղեկություններ իմանալ:

Նաեւ Մելանոմայի վաղ ախտորոշման ու կանխարգելման օրերի շրջանակում հունիսի 10-ին ու 11-ին «Դա Վինչի» բուժկենտրոնում հնարավոր կլինի անվճար խորհրդակցել մասնագետի հետ ու ցույց տալ նրան անհանգստացնող խալերը: Անհրաժեշտության դեպքում հիվանդներին կուղարկեն հետագա հետազոտության ու բուժման:

Հայկական հակաքաղցկեղային լիգայի նախագահ պրոֆեսոր Գրիգորի Բադալյանը NEWS.am Medicine- ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մելանոման Հայաստանում այդքան տարածված չէ, որքան օրինակ թոքերի քաղցկեղը, սակայն այն շատ վտանգավոր է՝ մելանոման քաղցկեղի ամենարագ մետասթազներ առաջացնող տարատեսակներից մեկն է ու եթե սկզբնական փուլերը բաց ես թողնում, այն դառնում է անբուժելի ու տարածվում է այլ օրգանների վրա

Մելանոմայի վաղ ախտորոշման ու կանխարգելման օրերն ու դրանց շրջանակում անցկացվող միջոցառումները մասնագետի խոսքով Հայաստանում որոշել են անցկացնել ամռան սկզբին՝ մինչեւ արեւայրուքի սեզոնի սկիզբը, որպեսզի մարդիկ ավելի շատ տեղեկություններ ունենան այն մասին, թե ինչ վտանգավոր է արեւայրուքը ( թե արեւային, թե արհեստական) ու ինչպես կարելի է պաշտպանել ինքդ քեզ ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից: Իսկ եթե պաշտպանվել այդուհանդերձ չի հաջողվում, մարդիկ պետք է իմանան, թե ինչ կարեւոր է ժամանակին դիմել բժշկի՝ թույլ չտալով, որ մելանոման տարածվի ամբողջ օրգանիզմով մեկ: