Բրիտանական Royal Derby Hospital կլինիկայում Շերոն Բիրքս անունով հիվանդի արգանդի հեռացման վիրահատություն են արել, իսկ երեք օր անց կինը հայտնաբերել է, որ բժիշկներն իր որովայնում ձեռնոց են թողել: Այդ դեպքից հետո կլինիկայում արված հետաքննությունը ցույց է տվել, որ ձեռնոցն այնտեղ է մնացել բժիշկներից մեկի մեղքով. նա որոշել է վիրահատության ընթացքում ձեռնոց օգտագործել, քանի որ նման տեխնիկայի մասին լսել է Հնդկաստան իր այցի ժամանակ եւ տեսանյութով տեսել է, թե դա ինչպես է արվում, հայտնում է Daily Mail-ը:
Բժիշկը, որի անունը չի հրապարակվում, գործընկերներից ոչ մեկին չի ասել հիվանդի որովայնում մնացած ձեռնոցի մասին, ուստի վիրահատության վերջում ձեռնոցի մասին հաջողությամբ մոռացել են ու կնոջ որովայնը կարել:
Սակայն վիրահատությունից կարճ ժամանակ անց 42-ամյա Շերոն Բիրքսը սկսել է տարօրինակ ցավեր զգալ որովայնում: Բժիշկները կարծել են, որ դա բորբոքում է, բայց ախտորոշումը չի հաստատվել: Հետո Բիրքսը ձեռնոցը գտել է, երբ զուգարան է գնացել:
«Դա սարսափելի էր. հիշում եմ, որ զգացի՝ կարծես ներսումս ինչ-որ բան ընկավ: Ես մարմնիս մեջ ինչ-որ ռետինե բան զգացի, հետո միջիցս հանեցի այդ մեծ վիրաբուժական ձեռնոցը, որն ամբողջությամբ պատված էր արյունով,- պատմում է Բիրքսը:- Ես ուրախ եմ, որ այդ ժամանակ դեռ հիվանդանոցում էի: Իսկ հիմա ոչ մի կերպ չեմ կարողանում չմտածել՝ ով է նրան նման կերպ վարվելու իրավունք տվել»:
Հիմա, երբ ձեռնոցը հեռացրել են, Բիրքսն իրեն լավ է զգում: Բժիշկների խոսքով՝ ձեռնոցի հետ կապված այդ պատմությունը ոչ մի կերպ չի անդրադառնա նրա առողջության վրա: Ինչ վերաբերում է նրա մարմնում ձեռնոցը թողած բժշկին՝ կլինիկան չի տեղեկացնում՝ նա այնտեղ այլեւս աշխատում է, թե ոչ:






