Ներհիվանդանոցային վարակներն այսօր տարածված են աշխարհի բոլոր հիվանդանոցներում, սակայն, չնայած դրան, շատ բուժաշխատողներ ձեռքերն այնքան հաճախ եւ այնքան խնամքով չեն լվանում, որքան դա անհրաժեշտ է: Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տվյալների համաձայն, կլինիկաների մեծամասնությունում բժիշկները եւ բուժքույրերը ձեռքերը երկու անգամ ավելի հազվադեպ են լվանում, քան դա անհրաժեշտ է, չնայած հիգիենայի կանոնների պահպանումը կարող էր օգնել կանխարգելել տարածված վարակները:
Դեթրոյթի բժշկական կենտրոններից մեկի մասնագետները միջոց են մտածել բժիշկներին ստիպելու, որ ձեռքերն ավելի հաճախակի լվանան: Այդ նպատակով նրանք սկսել են վերջիններիս ցույց տալ այն միկրոօրգանիզմների լուսանկարները, որոնք առկա են հիվանդանոցային տարբեր մակերեւույթներին:
Մասնագետները Էշլի Գրեգորիի գլխավորությամբ փորձանմուշ են վերցրել երկու դռան բռնակից, հիվանդանոցային համակարգչի մկնիկից, գերձայնային սարքից, բջջային հեռախոսներից եւ հիվանդանոցի աշխատողների ձեռքերից: Միկրոօրգանիզմները աճեցվել են Պետրիի գավաթներում առկա սննդային միջավայրում, ինչից հետո բաժակները լուսանկարվել են եւ երկու ամսվա ընթացքում ցուցադրվել են հիվանդանոցի չորս բաժանմունքի բուժաշխատողներին:
Արդյունքներն իրենց երկար սպասել չեն տվել. բուժաշխատողները սկսել են ձեռքերը 11 տոկոսով ավելի հաճախակի լվանալ, իսկ բաժանմունքներից մեկում այդ ցուցանիշն աճել է 50 տոկոսով:






