Աղքատ թաղամասերից ավելի ապահովված թաղամաս տեղափոխվելու համար օգնություն ստացած ընտանիքների տղաների հոգեկան խնդիրները դեռ երկար տարիներ ավելի բարձր մակարդակի վրա են եղել, քան այն ընտանիքների տղաներինը, որոնք օգնություն չեն ստացել:
Իսկ աղջիկների համար աղքատ թաղամասերից տեղափոխվելը կապված չի եղել ընկճախտի այդպիսի բարձր մակարդակի եւ այլ խնդիրների հետ:
«Այնպիսի տպավորություն է, որ աղջիկները գոհ են եղել օգնությունից, իսկ տղաները, ընդհակառակը՝ շատ են նյարդայնացել դրա պատճառով»,- Reuters Health-ին տված հարցազրույցում ասել է հետազոտության առաջատար հեղինակը Հարվարդի բժշկական դպրոցից՝ Ռոնալդ Քեսսլերը:
1994-1998 թթ. ԱՄՆ Բնակարանային շինարարության եւ քաղաքային զարգացման նախարարությունը Moving to Opportunity (Տեղափոխություն դեպի լավագույն հնարավորություններ) փորձ է կատարել, որին մասնակցել է շատ աղքատ թաղամասերից մոտ 4 500 ընտանիք՝ երեխաների հետ:
Վիճակահանության միջոցով այդ ընտանիքների կեսն օգնություն է ստացել կառավարությունից՝ ավելի լավ թաղամաս տեղափոխվելու համար: 4-7 տարի հետո հետազոտողները նորից հանդիպել են ընտանիքների հետ, որոնք շահել են տեղափոխվելու վաուչերը:
Պարզվել է՝ օգնություն ստացած տղաների 7%-ն ընկճախտ եւ հետվնասվածքային սթրեսային խանգարում (ՀՎՍԽ) է ունեցել, իսկ օգնութուն չստացած ընտանիքներում ընկճախտով եւ սթրեսով տառապել է տղաների 4%-ը, ընդ որում՝ առաջին դեպքում միայն ՀՎՍԽ-ով տառապել է տղաների 4,4%-ը, ՀՎՍԽ-ի նույնքան դեպք լինում է զինվորների շրջանում մարտից հետո:
Իսկ աղջիկների շրջանում պատկերն այսպիսին է եղել՝ օգնություն ստացած ընտանիքներում ընկճախտով տառապել է աղջիկների 7%-ը, իսկ մնացած ընտանիքներում՝ 11%-ը: Առաջին դեպքում եւս ՀՎՍԽ-ի դեպքերն ավելի քիչ են եղել:
Բժիշկ Նիլ Հալֆոնը խմբագրական հոդվածում գրել է, որ տղաներն առանց օգնության այլ աղբյուրների չեն կարող օգուտ քաղել տեղափոխությունից, որովհետեւ նրանք շփվելու հմտություններ չունեն:
Աղջիկների դեպքում ընկճախտի եւ վարքային խնդիրների մակարդակի նվազումը հին թաղամասի աղջիկների համեմատ՝ կարող է կապված լինել տեղափոխության հետ այնպիսի թաղամասեր, որտեղ ավելի քիչ է սեռական բռնությունը, գրում է Հալֆոնը, որն աշխատում է Լոս Անջելեսի Քալիֆորնիական համալսարանի Երեխաների, ընտանիքների եւ համայնքների առողջության կենտրոնում:
Քեսսլերի խոսքով՝ խնդրի էությունն այն է, որպեսզի հատկացված միջոցներն օգտագործել ոչ միայն մարդկանց տեղափոխվելու վրա, այլեւ նրանց հասարակությանն ավելի լավ ինտեգրելու համար:






