Անապահով ընտանիքներից եւ սահմանամերձ գյուղերից անպտուղ զույգերի համար օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները հասանելի դարձնող ծրագրի մասնակիցների 35-40 տոկոսն արդեն հղիացել է: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարարության մայրության եւ վերարտադրողական առողջության պաշտպանության բաժնի պետ Գայանե Ավագյանը:  

Նա նշել է, որ քանի որ ծրագիրը մեկնարկել է անցյալ տարվա վերջին, առայժմ դրա վերաբերյալ ոչ բոլոր տվյալներն են մշակված: Սակայն առաջին արդյունքներն արդեն կան եւ մոտ ապագայում կսկսեն ծնվել երեխաները, որոնք սաղմնավորվել են դրա շրջանակում: 

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում որոշակի սոցիալական խմբերից անպտուղ զույգերի համար հասանելի է դառնում անվճար հետազոտությունը, բուժումը եւ ինսեմինացիան, իսկ սահմանամերձ գյուղերում ապրող զույգերը կարող են անվճար ԱՄԲ անել: 

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը 50 մլն դրամ է հատկացրել անապահով ընտանիքների եւ սահմանամերձ գյուղերում ապրող զույգերի համար նախատեսված այս ծրագրի իրականացմանը: Բացառված չէ, որ ապագայում ծրագիրը կընդլայնվի եւ կներառի ավելի մեծ քանակությամբ զույգերի, որովհետեւ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների գներն այսօր շատ բարձր են եւ շատ անպտուղ զույգեր ուղղակի չեն կարող իրենց թույլ տալ օգտվել դրանից, նույնիսկ եթե չեն մտնում սոցիալապես անապահով քաղաքացիների խմբերի մեջ: 

2016-ի մարտի սկզբի տվյալներով անվճար ԱՄԲ-ի ծրագրով ընտրվել է կրակի գծում գտնվող սահմանամերձ գյուղերից (Այգեձոր, Պառավաքար, Բաղանիս, Ոսկեվան, Ճամբարակ եւ այլն) 35 զույգ: Հիշեցնենք, որ ծրագրի կանոնների համաձայն, զույգն անպայման պետք է գրանցված լինի եւ ապրի սահմանամերձ գյուղում: Զույգը պետք է նաեւ գրանցած լինի ամուսնությունը եւ ամուսնությունների գրանցման գրասենյակից փաստաթուղթ ունենա: Բացի այդ, երկու զուգընկերն էլ պետք է Հայաստանի քաղաքացի լինեն: