Վիրավոր զինծառայողների վերականգնման գործում մեծ դեր է խաղում նրանց տրամադրվածությունը եւ ոգու ուժը, պնդում է ֆիզիոթերապեւտ-ռեաբիլիտոլոգ Վարսինե Բալասանյանը: Նրանք, ովքեր տրամադրված են վերականգնման եւ չեն հանձնվում, արագ ոտքի են կանգնում:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում մասնագետը նշել է, որ եթե համանման վնասվածքներով եւ շանսերով երկու հիվանդ փորձեն քայլել, աշխատեն նույն ծրագրով, բայց մեկի տրամադրվածությունը մարտական լինի, իսկ երկրորդը նվնվա եւ չհավատա իրեն, առաջինն ավելի արագ ոտքի կկանգնի եւ կկարողանա քայլել, իսկ երկրորդը, ամենայն հավանականությամբ, կմնա հաշմանդամի սայլակում, չնայած ի սկզբանե ճիշտ նույնպիսի շանսեր ուներ, ինչ առաջինը:
Հետաքրքիր է, որ տրամադրվածությունը վճռորոշ դեր կարող է խաղալ նաեւ առաջին հայացքից անհույս դեպքերում: Վարսինե Բալասանյանը մի քանի հիվանդի է հիշել, որոնք տեսականորեն չպետք է ոչ միայն քայլեին, այլեւ կանգնեին: Սակայն նրանք, բոլորին զարմացնելով, ոտքի են կանգնել եւ սկսել են քայլել եւ նույնիսկ վերականգնողական կենտրոնից սեփական ոտքով են տուն վերադարձել:
Այսօր Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում, որտեղ աշխատում է Վարսինե Բալասանյանը, բուժում է ստանում ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված մի քանի երիտասարդ: Մասնագետը չգիտե, արդյոք հիվանդանոցներում եւ հոսպիտալներում նրանց հետ հոգեբաններ են աշխատել, սակայն նրա խոսքով, նրանց ոգու ուժի եւ տրամադրվածության առումով ամեն ինչ կարգին է: Նրանցից ոմանք արդեն սովորել են քայլել, մյուսներն առայժմ միայն կանգնում են հատուկ սարքերի օգնությամբ, բայց մեկ է` հսկայական հաջողություններ ունեն եւ օրեցօր ավելի ամուր եւ ուժեղ են դառնում:
Հիշեցնենք, որ 19-ամյա Անդրեյ Վարդումյանը, որը քառօրյա պատերազմի ընթացքում ողնաշարի վնասվածք է ստացել, եւ 18-ամյա Հայկ Թորոսյանը, որը գլխի վնասվածք ուներ, այսօր արդեն քայլել են սովորում: Իսկ 31-ամյա պայմանագրային զինծառայող Դավիթ Համբարձումովը, որը ուղեղի լուրջ վնասվածք էր ստացել, առայժմ սովորում է կանգնել, բայց մասնագետները վստահ են, որ նա դրանով չի սահմանափակվի եւ կկարողանա նաեւ քայլել:






