Երեւանի պետական բժշկական համալսարանում մենք ունենք մեծ ծավալ կրթական ծրագրերի, որոնք կոչվում են «մանկական հիվանդություններ. մանկական վիրաբուժություն, մանկական ուրոլոգիա եւ այլն: Դրա միջոցով մենք փորձում ենք որոշակի իմաստով պակասեցնել բժիշկ-մանկաբույժների դեֆիցիտը, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵՊԲՀ-ի ռեկտոր Միքայել Նարիմանյանը` պատասխանելով բուհ-ում մանկաբուժության ֆակուլտետի փակման նպատակահարմարության մասին հարցին:
Միքայել Նարիմանյանը նշել է, որ ֆակուլտետը փակվել է իրենից առաջ` 90-ականների վերջին, իսկ այսօր, ելնելով ստեղծված իրողություններից, ինքն առաջացած պակասը լրացնելու ուղիներ է փնտրում: «Դեֆիցիտն առաջացել է այն բանի հետեւանքով, որ կտրուկ, միանգամից տեղի ունեցավ փակումը», - ասել է նա:
Ռեկտորը պատմել է, որ ռուսաստանցի հայտնի մանկական բժիշկ Լեոնիդ Ռոշալը Հայաստան իր այցերից մեկի ընթացքում մանկաբուժության ֆակուլտետի փակումը կոչել է «Հայաստանի առողջապահության բարեփոխման ժամանակաշրջանում ամենամեծ սխալը»: «Դրա հետ կարելի է համաձայնել, կարելի է նաեւ չհամաձայնել, բայց քանի որ հայտնվել ենք այս իրավիճակում, ավելի լավ է խոսել այն մասին, թե ինչպես դուրս գանք դրանից: Կարծում եմ, որ այն ծավալը, որը դասավանդվում է, լիովին բավարար է այն բանի համար, որ հետագայում ուսանողը մանկաբուժությունն ընտրի որպես մասնագիտություն», - ասել է նա:
Միքայել Նարիմանյանը միաժամանակ համարում է, որ երբ ուսանողները մանկաբուժությունն էին ընտրում որպես մասնագիտություն` առաջին կուրսից (մանկաբուժության ֆակուլտետ ընդունվելիս), նման ընտրությունն այնքան էլ գիտակցված չէր, այն կարող էր թելադրված լինել ընդունելության քննություններում հավաքված միավորներով (մանկաբուժության ֆակուլտետում մրցույթն ավելի փոքր էր, քան բուժականում): «Իսկ եթե ուսանողները ուսումնառության վեց տարուց հետո իրենց մեջ ցանկություն են գտնում մանկաբույժ դառնալու, ապա այդ ընտրությունը գիտակցված է, իմաստավորված եւ գիտելիքներով ամրապնդված»,-կարծում է նա:
Միքայել Նարիմանյանը հավելել է, որ մանկաբույժը շատ բարդ մասնագիտություն է եւ ընտրության գիտակցվածությունն այստեղ շատ կարեւոր է: Իզուր չէ, որ հայտնի մանկաբույժներից մեկն ասել է, որ «երեխան փոքր մեծահասակ չէ»: «Մանկաբուժությունը մեծահասակների բժշկությունից տարբերվում է նրանով, որ հիվանդը հիմքեր չի ներկայացնում ախտորոշման կառուցման համար. նա չի բողոքում: Նա ուղղակի լաց է լինում կամ լռում է», - ասել է նա` հավելելով, որ երբ Հայաստանում ներդրնում էին ընտանեկան բժշկությունը, ինքն այն բանի կողմնակից էր, որ ընտանեկան բժիշկներին վերաորակավորեն հենց որպես մանկաբույժների, ոչ թե թերապեւտների: Որովհետեւ ընտանեկան բժիշկը պետք է առաջնային օգնություն տրամադրի, անկախ ընտանիքի անդամների սեռից եւ տարիքից, այդ թվում նաեւ` երեխաներին:
«Եթե մենք խոսում ենք այն մասին, որ մանկաբուժությունը ճգնաժամային իրավիճակում է, ես ձեզ եւս հինգ նման մասնագիտություն կնշեմ` հոգեբուժություն, ֆտիզիատրիա, պատանատոմիա, դատական բժշկություն, անեստեզիոլոգիա–ռեանիմատոլոգիա: Այսօր ավելի շատ ձգտում են դեպի ճառագայթային ախտորոշում, ասենք` այնպիսի մասնագիտությունների, որոնք 24 ժամվա ծանրաբեռնվածություն չեն պահանջում, գործ չունեն մահվան հետ: Մասնագիտությունը պահպանելու եւ երիտասարդներին ներգրավելու համար այս մասնագիտությունների առումով շատ բարձր պետպատվեր է անհրաժեշտ եւ ես շատ կուզեի, որ աշխատավարձն էլ բարձր լիներ: Մենք առողջապահության նախարարության հետ աշխատում ենք, եւ կարգավորում ենք պետպատվերը մասնագետների պակասի ուղղությամբ, մասնավորապես` շրջաններում», - ամփոփել է ռեկտորը:






