Ռոուենի համալսարանի ամերիկացի գիտնականները  արյան անալիզի հիման վրա նոր թեստ են ստեղծել, որն ի վիճակի է հայտնաբերել Ալցհայմերի հիվանդության զարգացումը վաղ փուլում: Դրա սկզբի նշան կարող  են լինել մտածողական չափավոր խանգարումները (MCI):

«Որքան մեզ հայտնի է, սա արյան առաջին անալիզն է, որը որպես կենսանշիչներ, աուտոհակամարմիններ է օգտագործում, որոնք ի վիճակի են ճշգրտորեն ի հայտ բերել Ալցհայմերի հիվանդությունը վաղ փուլում, երբ ավելի մեծ են շանսերը, որ բուժումն օգուտ կբերի», - ասել է առաջատար հետազոտող Ռոբերտ Նեյջլը (Robert Nagele):

Հիվանդության վաղ ախտորոշման շնորհիվ հիվանդը կարող է ժամանակին անհրաժեշտ միջոցները ձեռք առնել, որոնք կարող էին օգնել դանդաղեցնելու հիվանդության առաջխաղացումը (օրինակ, կենսակերպի փոփոխության եւ ավելի վաղ բուժում սկսելու հաշվին):

Հետազոտությանը 236 կամավոր է մասնակցել: Արդյունքների համաձայն, արյան անալիզը   100 տոկոսանոց ճշգրտություն ունի Ալցհայմերի հիվանդության հետ կապված մտածողական չափավոր խանգարումներն ի հայտ բերելու առումով: MCI ունեցող հիվանդների մոտ  60 տոկոսի մոտ մտածողական խանգարումներն առաջացել են հենց Ալցհայմերի հիվանդության սկզբով: MCI  ունեցող մասնակիցների մնացած 40 տոկոսի մոտ խնդիրները կապված են այլ գործոնների հետ, ներառյալ անոթների հիվանդությունները, դեղամիջոցների ընդունման ընթացքում երկրորդական էֆեկտների ազդեցությունը եւ դեպրեսիան: 

Գիտնականների կարծիքով, ստացված տվյալները շատ կարեւոր են, որովհետեւ բժիշկները պետք է իմանան` հիվանդի չափավոր մտավոր խանգարումները կապված են Ալցհայմերի հիվանդության զարգացման վաղ փուլի հետ, թե այլ պատճառներ ունեն: 

Հետազոտության հեղինակները նշում են, որ ձեռքբերովի թուլամտության վաղ փուլի ճշգրիտ ախտորոշան համար բավական է օգտագործել ընդամենը հակամարմինների փոքրիկ քանակություն, որոնք պարունակվում են արյան մեջ: 

Հոդվածը հրապարակված է Alzheimer's & Dementia ամսագրում: