Հայաստանում այսօրվա դրությամբ 1100 պաշտոնապես աշխատող երեխա է գրանցված: Սակայն անհամեմատ ավելի մեծ է այն երեխաների թիվը, որոնք, ոչ միշտ սեփական կամքով, ստիպված են աշխատել եւ որոնց մասին գրեթե ոչ ոք չգիտե: Այդ մասին լրագրողներին հայտնել է երեխաների պաշտպանության «Վորլդ վիժն Արմենիա» ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը: 

Նրա խոսքով,  երեխաների իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 1989-ին ընդունած կոնվենցիայի շրջանակում իրավական ակտերի համաձայն, երեխաներն աշխատանքի իրավունք ունեն, սակայն` որոշակի սահմանափակումներով. նախ` մինչեւ 14 տարեկան երեխաները իրավաբանական որեւէ հարաբերության մեջ մտնելու իրավունք չունեն, իսկ  14-16 տարեկան երեխաները կարող են իրավաբանական հարաբերությունների կողմ դառնալ ծնողի կամ խնամակալի գրավոր համաձայնությամբ, երկրորդ, երեխաներին չի կարելի ներգրավել այնպիսի աշխատանքների մեջ, որոնք կարող են բացասաբար ազդել նրանց ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա, վիրավորել նրանց պատիվը եւ արժանապատվությունը կամ խանգարել ուսմանը: 

Խնդիրն այն է, որ երեխաների մեծ մասը, որոնք ներգրավվում են մանկական աշխատանքի այսպես կոչված վատագույն ձեւերում, ոչ մի տեղ գրանցված չեն եւ նրանց մասին քչերը գիտեն: Շատ երեխաներ, այդ թվում նաեւ` Հայաստանում, ստիպված են աշխատել գյուղատնտեսությունում ընտանիքը պահելու համար: Շատ հաճախ նման ծանր աշխատանքը վնասակար է նրանց համար եւ խանգարում է սովորելուն: Միաժամանակ նրանց դպրոցներում սովորաբար գիտեն, թե նրանք ինչու են բացակայում եւ բացակա չեն դնում: Այսպիսով` իրավապահ մարմինները եւ իրավապաշտպան կազմակերպությունները չեն իմանում այդ երեխաների մասին եւ ոչինչ չեն կարող անել նրանց համար: 

Մասնագետը հիշեցրել է, որ երեխաներին աշխատանքի սովորեցնելու մեջ ոչ մի վատ բան չկա, սակայն եթե այդ աշխատանքը խանգարում է նրանց նորմալ զարգացմանը, արդեն խնդիր է դառնում: Եթե երեխան ազատ ժամանակ սեփական կամքով եւ ծնողների համաձայնությամբ նկարահանվում է, օրինակ, գովազդում (որը չի վիրավորում նրա պատիվն ու արժանապատվությունը), կամ`  կինոյում, կամ մոդել է աշխատում, դա նորմալ է, սակայն եթե երեխան, դպրոցը բաց թողնելով եւ ընկերների հետ չխաղալով, ամբողջ օրն աշխատում է դաշտում, դա արդեն խախտում է նրա իրավունքները: 

Աիդա Մուրադյանը նշել է, որ ասօրվա դրությամբ աշխարհում աշխատող երեխաների թիվը 215 մլն է կազմում, ընդ որում նրանցից 115 մլն-ը աշխատում է վտանգավոր պայմաններում: Նրանցից շատերը գործնականում ժամանակ չունեն դպրոց գնալու եւ խաղալու, հաճախ նրանք պատշաճ սնունդ եւ խնամք չեն ստանում: