Երեւանում մեկնարկել է «Պերինատալ բժշկության այժմեական խնդիրներ» միջազգային համաժողովը, որին մասնակցության համար Հայաստան են եկել մասնագետներ ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից: Նրանց թվում է պրոֆեսոր Ֆրենկ Չերվենակը Կոռնելի համալսարանից (ԱՄՆ), պերինատալ բժշկության միջազգային ակադեմիայի նախագահ պրոֆեսոր Ազիմ Կուրյակը, Դավիթ Ակացարիան եւ Վիկտորիա Բիցաձեն Սեչենեւի անվան բժշկական համալսարանից (Մոսկվա):

Լրագրողների հետ զրույցում Հայաստանի առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ այս համաժողովը մասնագետներին հնարավորություն կտա փորձի եւ գիտելիքների փոխանակում կատարել, նոր գիտելիքները գուցե օգնեն ավելի արագ եւ արդյունավետորեն ախտորոշել խնդիրները հղի կանանց եւ նրանց ապագա երեխաների մոտ, ինչը կկարողանա օգնել էլ ավելի նվազեցնել Հայաստանում մայրական եւ մանկական մահացությունը: 

Խոսելով պերինատալ բժշկության ոլորտում Հայաստանի հաջողությունների մասին, Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը նշել է, որ  1999-2001 թվականներին Հայաստանում մայրական մահացության ցուցանիշը 40 է կազմել (100 000 ողջ ծնվածներից), իսկ 2014-ին այն կազմել է 18.6: Ավելին, 2015-ին մայրական մահացության ընդամենը 5 դեպք է գրանցվել, եւ դրանցից ոչ մեկը կապված չէր մանկաբարձական պատճառների հետ (մահվան պատճառը եղել է, օրինակ, ուղեղի քաղցկեղը կամ լեյկեմիան, այսինքն հղիության հետ չկապված հիվանդություններ): Ինչ վերաբերում է մանկական մահացությանը, 2011-ին դրա ցուցանիշը 11.7 պրոմիլե է կազմել (1000 ողջ ծնվածի համար), իսկ 2014-ին` 8.7:

Հայաստանում նաեւ 2.5 անգամ կրճատվել է աբորտների թիվը, ինչի շնորհիվ նվազել է անպտուղ զույգերի թիվը` 32 տոկոսից մինչեւ 14.9 տոկոս, որոնցից ընդամենը 3.4 տոկոսն է առաջնային անպտղություն:

Այդ բոլոր ցուցանիշները կարելի է Հայաստանի համար ոչ փոքր ձեռքբերումներ համարել, սակայն այստեղ նաեւ խնդիրներ կան: Մասնավորապես,  գլխավոր գինեկոլոգը նշել է, որ Հայաստանում հղիների մոտ դեռեւս շատ  պաթոլոգիաներ են հանդիպում. Դրանք պտղի զարգացման խնդիրներ են, հղի կնոջ մոտ արյունահոսություններ եւ թրոմբոզներ եւ շատ այլ խնդիրներ: 

Այսօրվա համաժողովը, Ռազմիկ Աբրահամյանի խոսքով, կարող է օգնել նորովի նայելու այդ խնդիրներին եւ գուցե դրանք կանխարգելելու կամ դրանց ախտորոշումն ու բուժումն ավելի արդյունավետ դարձնելու միջոցներ գտնել: