Որպեսզի Հայաստանում առողջ մայրեր եւ երեխաներ լինեն, պետք է նախ եւ առաջ առողջ լինեն պատանիները: Այդ մասին, ելույթ ունենալով «Պերինատալ բժշկության այժմեական խնդիրներ» երկրորդ միջազգային համաժողովի բացմանը, հայտնել է սոցիալական, առողջապահության, մայրության եւ մանկության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: 

Նրա խոսքով, հենց պատանի հասակում են դրվում առողջ մարդու եւ նրա սերնդի հիմքերը. առողջ անչափահաս աղջիկը կդառնա այնպիսի կին, որը կկարողանա առողջ երեխաներ ծննդաբերել: Սակայն խնդիրն այն է, որ անչափահասները, որոնք առաջին հայացքից առողջության խնդիր չպետք է ունենան, շատ խոցելի են. հենց պատանեկան հասակում են նրանք առաջին անգամ ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ փորձում, նույնիսկ թմրանյութեր եւ չպաշտպանված սեքս:  Այդ ամենը (ներառյալ սեռական եղանակով փոխանցվող հիվանդությունները, որոնցով կարող են վարակվել չպաշտպանված սեքսի ընթացքում) կարող է լրջորեն ազդել  ապագա մոր առողջության վրա եւ բազմաթիվ խնդիրների հանգեցնել ինչպես նրա, այնպես էլ նրա երեխաների մոտ:  

Մոր եւ երեխայի մոտ խնդիրները կանխարգելելու նպատակով, մասնագետի խոսքով, կարեւոր է ոչ միայն հիվանդանոցներում ժամանակակից տեխնոլոգիաներ եւ սարքավորումներ ունենալ այդ խնդիրների ախտորոշման համար, այլեւ զբաղվել այդ խնդիրների կանխարգելմամբ, սկսելով մանկական եւ պատանեկան տարիքից: Ճիշտ դաստիարակությունը եւ գրագետ տեղեկատվության մատչելիությունը եւս կարող են  պատանիներին օգնել խուսափել սխալներից, որոնք ապագայում կարող են վնասել նրանց առողջությանը: