Անցյալում հայ հիվանդների մոտ հիդրոնեֆրոզը բավականին ուշ էին հայտնաբերում`  10-15 տարեկան հասակում, իսկ այսօր հիդրոնեֆրոզով երեխաների 85 տոկոսին վիրահատում են մինչեւ 6 ամսական հասակը: Այդ մասին, ելույթ ունենալով «Պերինատալ բժշկության այժմեական խնդիրներ» միջազգային երկրորդ համաժողովին, ասել է սոցիալական, առողջապահության, մայրության եւ մանկության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: 

Նրա խոսքով, 20 տարի առաջ բնածին հիդրոնեֆրոզները եւ մեգաուրետերները հայտնաբերում էին 10-15 տարեկան երեխաների մոտ, եւ մինչ այդ հիվանդությունն արդեն հասցրած էր լինում զգալիորեն վնասել երիկամները, որոնք տասը տարուց ավելի փաստացիորեն «մաշվում էին»: Տղաների մոտ հիվանդությունը հաճախ հայտնաբերում էին 14-15 տարեկան հասակում, բանակին նախապատրաստության հետազոտության շրջանակում, իսկ աղջիկների մոտ` նույնիսկ ավելի ուշ: Ուշ ախտորոշման հետեւանքով առաջացած դեպքերում ստիպված էին լինում հեռացնել անչափահասների երիկամները:  

Այսօր սակայն շատ բան է փոխվել, եւ հիդրոնեֆրոզների 85 տոկոսը վիրահատվում է մինչեւ   6 ամսական հասակը: Դա նշանակում է, որ հիվանդությունը հայտնաբերում են դեռեւս ներարգանդային զարգացման ընթացքում. եթե երեխայի ծննդից հետո հիվանդությունը հաստատվում է, նրան վիրահատում են կյանքի հենց առաջին ամիսներին, ինչն օգնում է պահպանել նրա առողջությունը: 

Նշենք, որ հիդրոնեֆրոզը երիկամային ավազանի եւ կոնքերի կայուն, առաջընթաց ապրող հիվանդություն է, որը հանգեցնում է երիկամային պարենխիմայի աստիճանական ատրոֆիայի: