Չինաստանում հերթեր են առաջացել այն մարդկանց, ովքեր ցանկանում են գլխի փոխպատվաստում կատարել, հայտնում է Miami Herald-ը: Առաջին հավակնորդը գազային ընկերության 62-ամյա աշխատակից Վան Խուանմինն է, որն արդեն վեց տարի լիովին անդամալույծ վիճակում է:

Տղամարդը շարժվելու կարողությունը կորցրել է այն բանից հետո, երբ ընկերոջ հետ կատակային կռվի է բռնվել: Արդյունքում նա լուրջ վնասվածք է ստացել, որը նրան գամել է մահճակալին:  

Պարբերականը հայտնում է, որ վիրահատությունը ենթադրաբար տեղի կունենա Խարբինում եւ այն պետք է իրականացնի հայտնի վիրաբույժ-փոխպատվաստող Ռեն Սյաոպինը: 

Հիշեցնենք, որ նրանից առաջ գլխի փոխպատվաստման վիրահատության նախապատրաստության մասին հայտնել էր իտալացի վիրաբույժ Սերջիո Կանավերոն:  Նա մտադիր է 2017-ին փոխպատվաստել ռուս ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովի գլուխը, որը թիկունքային ամիոտրոֆիայով է տառապում:  

Ինչ վերաբերում է Ռեն Սյաոպինին, նա ժամանակին Կանավերոյին օգնում էր վիրահատության նախապատրաստության գործում եւ այժմ արդեն մկների գլխի փոխպատվաստման փորձ ունի: Ճիշտ է, դրանցից հետո կենդանիները մեկ օրից ավելի չէին ապրում: Վիրաբույժը նաեւ խոստովանել է, որ դիակների վրա փորձեր է կատարել: Սակայն այս փորձարկումների մանրամասները նա չի բացահայտել: