Հիմա դեռ հունիսն է, բայց Հայաստանի որոշ բժշկական հաստատություններ արդեն հայտնում  են, թե ծախսել են տարվա համար նախատեսված պետպատվերը:  Մի շարք բուժկենտրոններում NEWS.am Medicine-ին հայտնել են, որ ընդունում են միայն անհետաձգելի հիվանդներին, իսկ պլանայիններին մերժում են: Եվ իրենց լիմիտը սպառել են հիմնականում անհետաձգելի դեպքերի եւ այնպիսի դեպքերի հաշվին, որոնք վերակենդանացում են պահանջել:  

Սակայն Հայաստանի Առողջապահության գործակալության նախօրեին ձերբակալված պետ Սարո Ծատուրյանի կարծիքով,  «պետպատվերը վերջացել է կամ լիմիտը սպառվել է արտահայտությունը սխալ է»:

«Դա իրավիճակի սխալ մեկնաբանություն է: Պետպատվեր կատարող ոչ մի բուժհաստատություն չի կարող տարվա կեսին կատարել իր տարեկան բյուջեն, ամբողջ գումարը ստանալ եւ ասել, թե գումարը վերջացել է: Նման բան սկզբունքորեն անհնար է, որովհետեւ պետպատվերի շրջանակում ֆինանսավորումը տրամադրվում է ամեն ամիս եւ բոլոր բուժհաստատությունները մինչեւ դեկտեմբեր ներառյալ ֆինանսավորում կստանան:  Այլ հարց է, որ գուցե տարվա կեսին, եւ հաճախ է այդպես լինում, նրանք արդեն մինչեւ դեկտեմբեր հերթագրել են մարդկանց: Այդ պատճառով նրանց, ով հիմա է դիմում, կարող են ասել, թե այլեւս տեղ չունեն», - մի քանի օր առաջ այս առումով ասել է Սարո Ծատուրյանը: 

Նրա խոսքով, այդ բուժհաստատությունները կարող են տվյալ հիվանդին հերթագրել հաջորդ տարվա համար: Նա նաեւ հավաստիացրել է, որ չի լինում այնպիսի իրավիճակ, որ ինչ-որ պահի երկրի ոչ մի բուժհաստատությունում հնարավոր չլինի պետպատվերով բուժում ստանալ: Սարո Ծատուրյանը հիշեցրել է, որ Առողջապահության նախարարությունը փոխել է  ուղեգրի ձեւը եւ դրանում չի նշվում կոնկրետ բուժհաստատությունը, այնպես որ հիվանդը կարող է մի քանի տեղ դիմել եւ գրանցվել այնտեղ, որտեղ հերթն ամենափոքրն է:  

Ինչ վերաբերում է նրան, թե կարող են արդյոք  բուժհաստատություններն իրենց ծախսերի փոխհատուցում ակնկալել, եթե այն գերազանցի Առողջապահության նախարարության հետ կնքված պայմանագիրը, Սարո Ծատուրյանը նշել է, որ պայմանագրի առավելագույն գումար կա եւ բուժհաստատությունները չեն կարող գերազանցել այն: Սակայն երկրորդ կամ երրորդ եռամսյակի տվյալներով, Առողջապահության նախարարությունը կարող է գնահատել իրավիճակը եւ բուժհաստատությունների միջեւ միջոցների վերաբաշխում կատարել, եթե ինչ-որ տեղ պետպատվերը թերակատարվել է: 

Այն հարցին, թե ինչու է անհրաժեշտ բուժհաստատությունների հետ ամրագրված գումարի պայմանագիր կնքել եւ ինչու չի կարելի վճարել  այն հաստատությանը, որին կդիմի հիվանդը, Սարո Ծատուրյանը պատասխանել է, որ այդպիսին է Պետգնումների մասին օրենքի պահանջը:  «Մենք չենք կարող բուժհաստատությունների հետ բաց պայմանագրեր կնքել, դա է օրենքի պահանջը», - ասել է նա: Իսկ հետո հավելել է.  «Այն, ինչի մասին խոսում եք, լրիվ այլ բան է. դա բժշկական ապահովագրություն է»: Բայց հրաժարվել է քննարկել պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հարցը: 

Միաժամանակ արժե նշել, որ բուժսպասարկման առումով քաղծառայողների սոցփաթեթը ոչ այլ ինչ է, եթե ոչ բժշկական ապահովագրություն պետության կողմից:  Երբ սոցփաթեթը նոր էր ներդրվել, դրա գումարները փոխանցվում էին ապահովագրական տարբեր ընկերությունների, որոնք վճարում էին հիվանդներին տրամադրվող բուժծառայությունների համար, միաժամանակ հիվանդն էր իր ճաշակով ընտրում  կլինիկան: Սակայն հետագայում սոցփաթեթը եւս փոխանցեցին Առողջապահության գործակալության իրավասությանը մնացած պետպատվերի հետ միասին: Այժմ բուժհաստատությունը ընդհանուր ֆինանսավորում է ստանում պետությունից, որը ներառում է ինչպես սոցփաթեթների ֆինանսավորում, այնպես էլ ծառայությունների ֆինանսավորում պետպատվերով: Թե ինչու է նման որոշում կայացվել, անհասկանալի է: Կարծիք կա, որ ապահովագրական ընկերությունները դժգոհ էին, որովհետեւ ստիպված էին շատ վճարել: Բայց կարող էին դժգոհ լինել նաեւ որոշ բուժհաստատությունների ղեկավարներ, որտեղ   սոցփաթեթ ունեցողները քիչ էին դիմում:  

Հիշեցնենք, որ Սարո Ծատուրյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման կասկածով: