Ճապոնացի գիտնականներն առաջին անգամ մեզի անալիզի օգնությամբ քաղցկեղային մի քանի հիվանդություն ախտորոշելու մեթոդ են մշակել: Այդ մասին երեքշաբթի հայտնել է Hitachi ընկերությունը, որը Sumitomo ընկերության հետ միասին անցկացնում է այդ հետազոտությունը:

«Փորձարկումների ընթացքում մեզ հաջողվեց առանձնացնել մեզում պարունակվող 1300 նյութից   10-ը, ներառյալ շաքարը եւ լիպիդները, որոնց շնորհիվ հնարավոր է որոշել քաղցկեղի առկայությունը, համեմատելով հիվանդ եւ առողջ մարդու անալիզները», - նշված է ընկերության հայտարարության մեջ: Ախտորոշման մեթոդները համապատասխանում են կրծքի եւ հաստ աղիքի քաղցկեղով հիվանդներին: 

Առաջին հետազոտությանը 30 մարդ է մասնակցել: Մոտ ժամանակներս Hitachi-ն եւ Sumitomo-ն` բժշկական մի քանի հաստատության աջակցությամբ կրկնակի փորձարկում կանցկացնեն  200 մարդու մասնակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:  

Ճապոնացի գիտնականները կարծում են, որ ախտորոշման նման մեթոդն առավել հեշտն է հենց հիվանդների համար, արյան անալիզների, ֆլյուորոգրաֆիայի կամ ռենտգենի համեմատ: Նրանք հույս ունեն մի քանի տարուց այն ներդնել ամբողջ երկրում: