Կյանքեր փրկելու համար երբեմն պարզապես հարկավոր է մեքենա կամ տրոլեյբուս նստել եւ գնալ արյուն հանձնելու: Դոնորի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում հայտարարեց հայտնի հաղորդավար Եգոր Գլումովը:
Նա հիշեցրեց, որ այս օրվա կարգախոսն է՝ «Արյունը միավորում է բոլորիս», եւ հավելեց, որ Հայաստանում դոնորական արյան խնդիրը բավական սուր է:
Ներկայացված զեկույցների համաձայն, Հայաստանում կամավոր դոնորների բաժինը 7% է կազմում: Դոնորների 50%-ը մարդիկ են, որոնց հարազատներին արյան փոխներարկում է անհրաժեշտ, իսկ մնացած 43%-ը վճարովի դոնորներն են: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ռազմավարության համաձայն՝ մինչեւ 2020 թվականն արյան դոնորությունը պետք է 100%-ով կամավոր եւ անհատույց դառնա:
Դրա հետ կապված Հայաստանում Կամավոր դոնորության զարգացման ազգային ծրագիր է ներդրվել, որի համաձայն՝ 2017-2020 թվականներին օրական նվազագույնը 10 կամավոր արյան նվիրատվություն պետք է կատարվի:
Արյունաբանության կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի խոսքով, երկրում դոնորական արյան խնդիրն ամբողջությամբ լուծելու համար հարկավոր է, որպեսզի բնակիչների 2%-ը դոնոր դառնա: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ դոնորների ներգրավելու համար տարբեր մոտեցումներ են կիրառվում: Մասնավորապես, դոնորներն իրավունք ունեն Արյունաբանության կենտրոնից մեկ անգամ անվճար արյուն ստանալ, եթե այն անհրաժեշտ լինի նրանց ընտանիքի անդամներից որեւէ մեկին:
Միջոցառման ընթացքում դոնորներին պատվոգրեր եւ հուշանվերներ հանձնեցին:






