Տարիքով մարդիկ, որոնք ֆիզիկական լավ վիճակում են, առնվազն մեկ երրորդով ավելի շանսեր ունեն խուսափելու ուղեղի կաթվածից: Հետազոտողները առավելություններ են հայտնաբերել նույնիսկ նրանց մոտ, ովքեր տառապում են երկրորդ տեսակի դիաբետով կամ հիպերտոնիայով: Նրանք նման օրինաչափությունը բացատրել են այն հանգամանքով, որ սպորտով զբաղվելն ավելացնում է դեպի գլուխը արյան հոսքը` դանդաղեցնելով ուղեղի հյուսվածքների բնական քայքայման գործընթացը: 

«40 տարեկանից հետո ակտիվությունը պահպանելով` դուք կկրճատեք   ուղեղի կաթվածի առաջացման ռիսկն ավելի մեծ տարիքում, երբ արդեն  60-ն անց լինեք», - ասել է հետազոտության հեղինակ Ամբարիշա Պանդեան Թեքսասի համալսարանից  (Դալլաս, ԱՄՆ):

Գիտնականները վերլուծել են 45-ից 50 տարեկան ավելի քան 20 000 տղամարդու եւ կնոջ տվյալները: Նրանք նախ ֆիթնես-տեստ են անցել վազքուղու վրա, հետո նրանց առողջությանը հետեւել են մինչեւ  65 տարեկան հասակը: Պարզվել է, որ փորձարկման այն մասնակիցները, որոնց ֆիզիկական վիճակն ի սկզբանե ավելի լավն էր, ծեր հասակում ավելի հազվադեպ են բախվել ուղեղի կաթվածի: 

 Այդ արդյունքները պահպանվել են նույնիսկ հաշվի առնելով այնպիսի գործոն, ինչպիսին խրոնիկական հիվանդության առկայությունն է, օրինակ` արյան բարձր ճնշման կամ դիաբետի: 

«Մենք մշտապես լսում ենք, որ ֆիզիկական վարժություններն օգտակար են առողջությանը, բայց շատերն անտեսում են այդ հանձնարարականները,-նշել է բժիշկ Պանդեան: Մենք հույս ունենք, որ մահացու հիվանդության կանխարգելման վերաբերյալ օբյեկտիվ տվյալներ ստանալը կարող է մարդկանց մղել ավելի շատ շարժվելու, որպեսզի իրենց օրգանիզմը լավ վիճակի բերեն»:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Stroke ամսագրում: