Ժամանակից շուտ ծնված երեխաներն ավելի առողջ սիրտ կունենան, եթե նրանց սկսեն կերակրել կրծքի կաթով, պարզել են Օքսֆորդի համալսարանի գիտնականները:
900 չափահաս մարդու առողջության վերլուծությունը ցույց է տվել, որ նրանց մոտ, ովքեր ժամանակից շուտ են ծնվել, սրտի ծավալը եւ նրա գործառնականությունը նվազած է եղել այն մարդկանց համեմատ, ովքեր ժամանակին են ծնվել: Բայց այդ տարբերություններն էականորեն նվազել են այն անհասների մոտ, ովքեր կրծքով կերակրում են ստացել: Այն երեխաների մոտ, որոնք սննդի տարբեր տեսակների համադրություն են ստացել, սրտի կառուցվածքը եւ գործառույթները բարելավվել են կրծքի կաթի քանակությունից կախված:
«Մանկական նույնիսկ ամենալավ բանաձեւերին պակասում են աճի որոշ գործոններ, ֆերմենտներ եւ հակամարմիններ, որոնք առատորեն հանդիպում են կրծքի կաթում,-ասում է հետազոտության հեղինակ բժիշկ Ադամ Լեւանդովսկին: Դա կյանքի զարգացման առաջին փուլում նորածինների լավագույն սննդամթերքն է: Մեր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նույնիսկ չափազանց անհաս երեխաները հետագայում վերականգնել են սրտի նորմալ աշխատանքը կրծքի կաթի հաշվին»:
Բրիտանացի գիտնականների ստացած արդյունքները եւս մեկ փաստարկ են դարձել կրծքով կերակրման ակտիվ օգտագործման օգտին: Գիտությանն արդեն հայտնի են կրծքի կաթի բազմաթիվ առավելություններ, որոնք վերաբերում են երեխայի ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական զարգացմանը: Ապացուցված է նաեւ, որ կրծքով կերակրումը օգտակար է նաեւ մոր առողջության համար:






