Ծառանման քաջվարդի (Paeonia) սերմերը օմեգա-3 եւ օմեգա-6 չհագեցած ճարպային թթուներ են պարունակում, որոնք կարող են օգտագործվել մարմնի համար անվնաս եւ քաղցկեղից պաշտպանող դեղ պատրաստելու համար: Դա պարզել են Չինական գիտությունների ակադեմիային կից Գիտահետազոտական կենտրոնի կենսաբանները, հայտնում է South China Morning Post-ը:
Չհագեցած ճարպաթթուներն անհրաժեշտ են մարդու առողջության համար, սակայն ենթադրվում է, որ տարբեր թթուներ պետք է մարդու ամենօրյա սննդում հավասարաչափ ներկայացված լինեն: Դիետոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ ժամանակակից մարդկանց սննդում այդ համամասնությունը կազմում է 15-ը 1-ի օմեգա-6 թթուների օգտին: Նման անհավասարակշռությունը բարձրացնում է շատ հիվանդությունների զարգացման ռիսկը, օրինակ` սրտանոթային, քաղցկեղի, աուտոիմունային ախտանիշների:
Անհավասարակշռության վրա մեծ ազդեցություն է գործում տարբեր յուղերի օգտագործումը չհագեցած օմեգա-6 եւ օմեգա-3 թթուների հետեւյալ հարաբերակցությամբ` 700:1 արեւածաղկի ձեթ, 600:1 գետնանշի, 100:1 եգիպտացորենի եւ 16:1 ձիթապտղի յուղի:
Նոր հետազոտության մեջ կենսաբաններն ուսումնասիրել են ծառանման քաջվարդերի վայրի եւ ընտելացված տեսակները եւ պարզել են, որ դրանք բոլորը մեծ քանակությամբ ալֆա-լինոլենային թթուներ են պարունակում, որոնց թվին է դասվում նաեւ օմեգա-3-ը: Այսպիսով` այս բույսերի օգտագործումը նվազեցնում է անհավասարակշռությունը եւ հիվանդությունների, այդ թվում` քաղցկեղի զարգացումը:
Ներկայումս ալֆա-լինոլենային թթուներ պարունակվում են սննդային հավելումներում, որոնք պատրաստվում են ձկնամթերքից: Սակայն, հետազոտողների խոսքով, արդյունաբերական աղտոտման եւ չափազանց ինտենսիվ ձկնորսության հետեւանքով ձկան յուղն այլեւս չի կարող չհագեցած թթուների աղբյուր ծառայել: Ծառանման քաջվարդերն իրենց հերթին ի վիճակի են նվազեցնել ձկնորսության տեմպերը եւ փրկել ձկների փոքրացող պոպուլյացիան:






