ԱՄՆ-ում Զիկա վիրուսով հղի կանանց վարակվելու հետեւանքով երեք երեխա է ծնվել բնածին արատներով, եւս երեք կնոջ հղիություն էլ դրա պատճառով ընդհատվել է, ասվում է Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման կենտրոնի զեկույցում: Սա առաջին զեկույցն է որը գնահատում է ԱՄՆ-ում Զիկայով վարակված կանանց հղիությունների ընթացքն ու ելքը:
Ըստ փաստաթղթի տվյալների՝ ԱՄՆ-ում 234 հղի կնոջ մոտ ախտորոշվել է Զիկա վիրուսը, ընդ որում բոլոր այդ կանայք ճամփորդել են այն տարածքներում, որտեղ տենդի բռնկումներ են գրանցված, առաջին հերթին՝ Լատինական Ամերիկայի ու Կարիբյան լողավազանի երկրներ: Ընդհանուր առմամբ գրանցվել է վիրուսով վարակվելու 765 դեպք ԱՄՆ բոլոր 50 նահանգներում ու Կոլումբիա օկրուգում:
Բուժկենտրոններում չեն պարզաբանել, թե հատկապես ինչպես է ընդհատվել այդ երեք կանանց հղիությունը՝ արդյոք նրանք վիժել են, կամ արհեստական են ընդհատել հղիությունը, թե երեխաները մահացած են ծնվել:
Հետազոտողները հաշվել են, որ հղիության սկզբում վիրուսով վարակվելու դեպքում յուրաքանչյուր 100 հղիությանը բաժին է ընկնում լուրջ բնածին արատներով երեխաներ ծնվելու 1-15 տոկոս հավանականություն:






