Դեռեւս մայիսի սկզբին Durex պահպանակները սկսեցին անհետանալ ռուսաստանյան խանութներից եւ դեղատներից: Ռոսզդրավնադզորի ղեկավար Միխայիլ Մուրաշենկոն պարզաբանել է, որ բրիտանական հայտնի ընկերության այդ արտադրանքը սահմանված կարգով գրանցված չէր Ռուսաստանում, ինչի հետեւանքով դրա վաճառքի վրա ժամանակավոր արգելք է դրվել: 

«Ընկերության ներկայացրած տեսականին ռուսաստանյան գրանցում չունի: Օրենսդրության համաձայն, բժշկական արտադրանքը պետք է տեխնիկական, տոքսիկոլոգիական փորձարկում անցնի, այդ ամենը պետք է փորձաքննություն անցնի Ռոսզդրավնադզորում», - նշել է Մուրաշկոն:

Այժմ արտադրող ընկերությունը պետք է կամ ապրանքը գրանցի որպես նոր արտադրանք, կամ փոփոխություններ մտցնի սահմանված կարգով:   «Ընկերությունը պարտավոր է հետեւել օրենսդրությանը, սա առաջին դեպքը չէ, ուղղակի շատերին է վերաբերում, այդ պատճառով հնչեղություն է ստացել», - պարզաբանել է պաշտոնյան: 

Ռոսզդրավնադզորից հավաստիացրել են, որ պահպանակների վաճառքի ոչ մի ընդհատում տեղի չի ունենում, չէ որ Ռուսաստանում ավելի քան  60 ապրանքանիշ է գրանցված, որոնք իրացնում են տվյալ ապրանքը: 

ԶԼՄ-ների տվյալներով, Durex ընկերությունը ռուսաստանցիների շրջանում իր ժողովրդականությամբ հաստատորեն  զբաղեցնում էր երկրորդ տեղը  Contex-ից հետո: Շուկայում նրանց վաճառքի ծավալները համապատասխանաբար 25 եւ 40 տոկոս էին կազմում: Այդ պատճառով սպառողները չէին կարող չարձագանքել լուրին. սոցցանցերում վայրկենապես   կատակներ տարածվեցին, թե ռուսաստանցիներն այժմ ստիպված կլինեն պահպանակները սրբել օգտագործելուց հետո եւ որ կառավարությունը դավադրություն է կազմակերպում երկրի բնակչությունն ավելացնելու նպատակով: