Երկրի յուրաքանչյուր տասներորդ մեծահասակ բնակիչ, մոտավոր հաշվարկներով, դեպրեսիայով է տառապում, սակայն ախտորոշվում է դեպքերի միայն կեսը, իսկ պատշաճ բուժում ստանում է հիվանդների միայն փոքր մասը: Այս մասին Երեւանում DepNet կայքի հայալեզու տարբերակի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց The Expert Platform on Mental Health – Focus on Depression հարթակի նախագահ, Sackler համալսարանի բժշկական ֆակուլտետի հոգեբուժության պրոֆեսոր Ժոզեֆ Զոհարը:
Նա հիշեցրեց, որ դեպրեսիան ուղեղի հիվանդություն է, եւ բժիշկները պետք է կարողանան ճշգրտորեն որոշել, թե ուղեղի որ հատվածում է առկա խնդիրը: Մասնագետը նաեւ հիշեցրեց, որ դեպրեսիան կարող է արտաքին գործոնների հետեւանքով առաջացած սթրեսի հետեւանք լինել, եւ միեւնույն ժամանակ ինքը կարող է մի շարք սոմատիկ հիվանդություններ առաջացնել՝ սիրտ-անոթային հիվանդություններ, դիաբետ, ասթմա, ճարպակալում:
Զոհարն ընդգծեց, որ շատերը թերագնահատում են դեպրեսիայի տարածվածության աստիճանը: Նրա խոսքով՝ այն զանգվածային բնույթ է կրում, սակայն ախտորոշվում է դեպրեսիայի դեպքերի միայն կեսը, բուժում է ստանում ախտորոշված հիվանդների կեսը, իսկ պատշաճ բուժում ՝ միայն բուժում ստացողների 12.5%-ը:
Երեւանում ներկայացված DepNet կայքի նպատակն է՝ հանրությանը տեղեկացնել, թե ինչ է դեպրեսիան, նաեւ մարդկանց օգնել դրա բուժման ճիշտ ուղիներ գտնել:






