Հոգեկան սպեկտրի խանգարումները ուղեղի հիվանդություններ են, հոգեկան հիվանդ հասկացությունն այնքան էլ ճիշտ չէ եւ հենց դա իր մեջ խարան է պարունակում: Այդ մասին Երեւանում DepNet կայքի հայալեզու տարբերակի շնորհանդեսին հայտնել է Հայաստանի Մանկական հոգեբուժության ասոցիացիայի ղեկավար Մարուք Եղյանը:
Նա նշել է, որ հասարակությունն անվստահությամբ է վերաբերվում հոգեբույժներին եւ նրանց գործին, որովհետեւ հոգեբույժները հզոր օժանդակություն` գործիքային ախտորոշում չունեն, որն առկա է մնացած մասնագիտությունների բժիշկների մոտ: Նման ախտորոշման բացակայության պատճառով մարդիկ չեն հասկանում, որ հոգեկան խանգարումը հիվանդություն է, որը մյուսների նման բուժման կարիք ունի:
Նա հիշել է, որ երբ մի քանի տարի առաջ իսրայելական հիվանդանոցներից մեկում տեղի բժշկին հարցրել է. «Դուք հոգեբո՞ւյժ եք», նա պատասխանել է. «Ոչ, ես իսկական բժիշկ եմ»:
«Ես հասկացա, թե նա ինչու այդպես ասաց: Սոմատիկ հիվանդությունների դեպքում կարելի է տարբեր հետազոտություններ կատարել` անալիզներ, ԿՏ եւ այլն, իսկ մեզ մոտ ամեն ինչ հիմնված է զրույցների վրա: Այդ պատճառով հիվանդի համար դա անհասկանալի է, նրա հարազատների համար եւս անհասկանալի է: Բայց իրավիճակը փոխվում է, հոգեբուժության համար հստակ ախտորոշիչ մեթոդների որոնումներ են կատարվում եւ դա զգալիորեն կթեթեւացնի մեր աշխատանքը», - ասել է նա:






