Աչքերի շուրջ եւ ճակատի հատվածում դեմքի մաշկի տակ արվող կոսմետիկ լցանյութերի երիտասարդացնող ներարկումները կարող են հանգեցնել ցանցաթաղանթի իշեմիկ այտուցի եւ անբուժելի կուրության:

Ճարպի, կոլագենի, հիալուրոնիկ թթվի եւ դոնդողանման այլ լցանյութերի (ֆիլլերների) դեմքի մաշկի տակ ներարկումը բավական տարածված կոսմետիկ պրոցեդուրա է:

ԱՄՆ-ի սննդամթերքի ու դեղագործության հարցերով ծառայությունը (FDA) կողմ է ֆիլլերների օգտագործմանը միայն դեմքի մեջտեղի հատվածում, օրինակ՝ բերանի շուրջ, սակայն բժիշկները դրանք հաճախ օգտագործում են աչքերի շուրջ կամ ճակատի կնճիռների կորեկցիայի համար:

Աչքերի շուրջ մաշկը ծածկելու ժամանակ կոսմետիկ լցանյութը կարող է պատահմամբ ընկնել այդ հատվածին մոտ փոքր արյունատար անոթների մեջ, դրանցով հասնել ցանցաթաղանթի կենտրոնական զարկերակին եւ արգելափակել դրա արյան մատակարարումը: Աչքի ցանցաթաղանթի կենտրոնական զարկերակի կամ դրա ճյուղերի գազակլանման դեպքում կանխատեսումն անմխիթար է՝ մինչեւ 50% դեպքերում տեսողության սրությունը կրճատվում է մինչեւ 0,01, իսկ 10%-ի դեպքում տեսողական նյարդի հետագա ատրոֆիայի հետեւանքով վրա է հասնում լրիվ կուրություն:

Fox News-ի հաղորդմամբ՝ ակնաբույժ Միշել Կարլը եւ նրա գործընկերները Retina Vitreous Associates Medical Group-ից՝ Լոս Անջելես, ուսումնասիրել են այն մարդկանց իրենց դիմելու 3 դեպք, որոնք դեմքի երիտասարդացման կոսմետիկ պրոցեդուրայից հետո կորցրել են մեկ կամ երկու աչքի տեսողությունը: Հիվանդներից մեկը մոտ 40 տարեկան կին է եղել, որին ճակատի վրայի ծալքերը հարթեցնելու համար ցուլի կոլագենի եւ Արտեֆիլ բիոգելի ներարկում է արվել: Պրոցեդուրայի ավարտին բացելով աչքերը՝ նա պարզել է, որ իր աջ աչքը ոչինչ չի տեսնում:

Հաջորդ կլինիկական դեպքը. 30 տարեկան տղամարդը կլինիկա է դիմել հիալուրոնիկ թթվի ներմաշկային ներարկման հետեւանքով ձախ աչքի տեսողության մասնակի կորստից հետո: Երրորդ դեպքում մազերի աճի գծի մոտ ճարպի ներարկումից հետո լավ առողջական վիճակով 60-ամյա կնոջ տեսողության լրիվ կորուստ է եղել:

Պրոֆեսոր Կարլի խոսքով՝ չնայած նման բարդությունները հազվադեպ են լինում՝ միշտ պետք է դրանք հաշվի առնել:

«Մենք խորհուրդ ենք տալիս տեսողության կորստի ռիսկը դասել ներմաշկային անցանկալի հետեւանքների թվին եւ այդ մասին գալիք պրոցեդուրայի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտնել հիվանդներին»,- նշեց Կարլը: