Մեծ Բրիտանիայից 25-ամյա Լյուսի Ֆաուլերը շտապ հիվանդանոց է տեղափոխվել ոտքերին արհեստական արեւայրուք քսելուց հետո: Պարզվել է, որ կոսմետիկական արտադրանքը վաճառքից հետ էր կանչվել դեռեւս երեք տարի առաջ:
Երբ Լյուսին այդ միջոցը քսել էր մաշկին, նրա մոտ կյանքին սպառնացող շնչառական խնդիրներ էին սկսվել: Շտապօգնությունը նրան հասցրել էր հիվանդանոց, որտեղ նրան շտապ օգնություն էին տրամադրել:
Լյուսին օգտագործել էր St Tropez ապրանքանիշի Instant Wash Off Face արհեստական արեւայրուքը: Հետագայում աղջիկն իմացել էր, որ այդ սփրեյը հենց արտադրողների կողմից վաճառքից հետ էր կանչվել դեռեւս երեք տարի առաջ, երբ այլ սպառողներ հայտնել էին դրա օգտագործումից հետո շնչառական խնդիրների մասին: Եվ չնայած տվյալ ապրանքը ոչ մի կերպ չի կարող պաշտոնապես վաճառվել, Լյուսին այն անցյալ ամիս գնել էր Նոթինգեմի կենտրոնի խանութներից մեկից:
«Ես փողոց դուրս գալուց առաջ սփրեյը փչեցի ձեռքերիս եւ ոտքերիս,-պատմում է Լյուսին: Հրաշալի եղանակ էր եւ ես ուզում էի զբոսնել շորտով եւ շապիկով: Սակայն արդեն մի քանի վայրկյան անց ինձ վատ զգացի: Կրծքավանդակումս լարվածություն առաջացավ եւ ինձ թվաց, որ ես չափազանց շատ սփրեյ եմ օգտագործել, որի հոտը շնչել եմ: Ես լոգասենյակում էի` բաց պատուհանով, բայց կրծքավանդակս գնալով ավելի էր սեղմվում: Դրանից հետո ես դուրս եկա ննջարան, որտեղ թարմ օդ կար եւ միեւնույն է` ինձ վատ էի զգում: Այնպիսի տպավորություն առաջացավ, թե կրծքավանդակիս ուժեղ խփել են եւ ես չեմ կարողանում շնչել: Բարեբախտաբար ուժերս հերիքեցին, որ շտապօգնություն կանչեմ եւ սպասեմ նրա գալուն»:
Այժմ Լյուսին վախենում է բոլոր արհեստական արեւայրուքներից, իսկ St. Tropez ընկերության արտադրանքից խոստացել է այլեւս երբեք չօգտվել:






