Կանադացի գիտնական Էնդրյու Սփելլինգը կարողացել է խնձորից իսկական մարդկային ականջ պատրաստել: Այս տարօրինակ նախագիծը ստեղծվել է մարդկային օրգաններ աճեցնելու ավելի էժան մեթոդ ստանալու համար:

Գիտությունը վաղուց պարզել էր, որ ցողունային բջիջներից  աճեցրած օրգանները կարող են ամբողջովին լուծել դոնորական օրգանների պակասի խնդիրը: Բայց բոլոր ժամանակակից մեթոդները շատ բարդ եւ թանկ գործընթաց են համարվում: Այս խնդիրը փորձել է լուծել կանադացի գիտնականը, որը որոշել է մարդկային բջիջներն օգտագործել որպես իմպլանտ խնձորների համար:

Սփելլինգը վստահեցնում է, որ իր մեթոդը կարող է հեղափոխական համարվել գիտության մեջ՝ շնորհիվ այն բանի, որ իրեն հաջողվել է «աղբի մեջ գանձ» գտնելու մեթոդ ստանալ, որի մասին այնքան վաղուց երազում էր գիտությունը: Կանադացի գիտնականն անգամ կարողացել է հավանություն ստանալ համագործակցել Տորոնտոյի համալսարանի գիտնականների խմբի հետ:

«Մինչեւ վերջերս ես հետաքրքրվում էի միայն ցանցահենությամբ եւ հին էլեկտրոնիկայով: Բայց հետո հանկարծ գլխումս փայլուն գաղափար ծնվեց՝ մարդկային բջիջները՝ որպես իմպլանտ, դնել խնձորների մեջ, որոնք կառուցվածքով նման են մարդու ականջին»,- ասում է Սփելլինգը:

Գիտնականի խոսքով՝ ինքը վերցրել է ամենասովորական խնձոր, հանել դրա միջից բոլոր վնասակար բջիջները, իսկ հետո այնտեղ դրել մարդու բջիջներ: Կենսաբանական փորձի ժամանակ Սփելլինգին օգնել է նրա կինը, որը խնձորից ականջ հիշեցնող ձեւ է կտրել: Խնձորի բոլոր բջիջները հեռացնելուց հետո գիտնականը կարողացել է ցելյուլյոզային կարկաս ստանալ, որի մեջ դրվել են ցողունային բջիջները, դրանց վրա էլ աճեցվել են հյուսվածքներ, որոնցից արդյունքում մարդկային ականջ են աճեցրել:

Էնդրյու Սփելլինգն ակտիվ աշխատում է նաեւ այլ նախագծերի վրա՝ որպես հիմք վերցնելով հատուկ մարդկային ցողունային բջիջներ, որոնք կարկասում ներդնելու դեպքում կարելի է աճեցնել լյարդ, սիրտ, մաշկ եւ այլ օրգաններ: Օրինակ, ներկայումս նա պլանավորում է ծնեբեկի օգնությամբ վերականգնել վնասված ողնաշարը: