Երեւանում առաջին անգամ հանձնել են մրցանակ, որը կրում է հայտնի բժիշկ, գիտնական, հասարակական գործիչ, 1975-ից 1989-ին Հայաստանի Առողջապահության նախարար Էմիլ Գաբրիելյանի անունը: «Տարվա բազմապրոֆիլային բժշկական կենտրոն» մրցանակը ստացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը: Դարձյալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, մրցանակ է հանձնվել Երեւանի Կենտրոնական ռազմական հոսպիտալին քառօրյա պատերազմի ընթացքում գործունեության եւ շատ կյանքեր փրկելու համար:
Հայաստանի Առողջապահության գործող նախարար Արմեն Մուրադյանը, որն առաջին մրցանակը հանձնել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին, լրագրողների հետ զրույցում նշել է, որ մրցանակը ստեղծել է հիմնադրամը, որը միավորում է Էմիլ Գաբրիելյանի ընտանիքին եւ նրա ուսանողներին: Նախարարը հայտնել է, որ մրցանակն ամենամյա կդառնա եւ կհանձնվի լավագույն բժշկական կենտրոններին, որոնք իրենց ներդրումն են ունենում բժշկության եւ Հայաստանի առողջապահության համակարգի զարգացման գործում:
Այս տարի մրցանակային ֆոնդի չափը 5000 դոլար է, որը ենթադրվում էր բաժանել մրցանակակիր հիվանդանոցների միջեւ: Սակայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ղեկավար Արա Մինասյանը, շնորհակալություն հայտնելով մրցանակի հիմնադիրներին, բարձրաձայնել է իր որոշումը` իր կլինիկային տրվելիք գումարը փոխանցել Կենտրոնական ռազմական հոսպիտալին, որտեղ բուժում են ստանում ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված զինվորները: Ավելին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի անունից որոշում է կայացվել հոսպիտալին փոխանցել նաեւ 1 մլն դրամ:
Այս օրինակին են հետեւել նաեւ հատուկ մրցանակներ ստացած բժշկական կենտրոնների` «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»-ի եւ «Պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտ»-ի ղեկավարները, որոնք մրցանակի իրենց բաժինը փոխանցել են արցախյան հիմնադրամին, իսկ վերոհիշյալներից երկրորդը նաեւ 1 մլն դրամ կոլեկտիվի անունից: Այսպիսով` Կենտրոնական ռազմական հոսպիտալը ստացել է մրցանակային հիմնադրամի բոլոր 5000 դոլարները եւ 2 մլն դրամ:
Լրագրողների հետ զրույցում ռազմական հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանը նշել է, որ այդ գումարը կծախսվի վիրավոր զինվորների բուժման վրա. նրանցից ոմանք դեռ պառկած են հոսպիտալում, իսկ երեքը դեռեւս ծանր վիճակում են: Մասնավորապես, հնարավոր կլինի պակասող կառուցվածքներ եւ տեխնիկա գնել պրոթեզավորման եւ այլ պրոցեդուրաների համար:
Էմիլ Գաբրիելյանի անվան մրցանակը ներառում էր նաեւ «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգը: Այս տարի մրցանակին արժանացել է դեղագործության ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Թադեւոսյանը, որին ակադեմիական հաջողությունների համար ազատել են ուսման վարձից:
Էմիլ Գաբրիելյանի անվան մրցանակաբաշխության արարողությունը նվիրված էր Հայաստանում հունիսի 21-ին նշվող բուժաշխատողի օրվան:
«Դա այն փոքրաթիվ մասնագիտություններից է, որի ներկայացուցիչները պետք է իրենց ուսուցիչների, ծնողների, ընտանիքի եւ հայրենիքի առաջ երդում տան ոչ միայն կատարել իրենց մասնագիտական կարողությունները, այլեւս գթասիրտ, կարեկից, ուշադիր եւ պատասխանատու լինել: Կարծում եմ, որ հայ բժիշկները հետեւում են այդ երդմանը, եւ աղետների, վարակի բռնկումների եւ այլ իրավիճակներում նրանք կարողացել են ապացուցել, որ իրենք իրենց ժողովրդի անբաժան մասն են», - ասել է առողջապահության նախարարը` Հայաստանի բուժաշխատողներին շնորհավորելով մասնագիտական տոնի առիթով: «Կուզեի առանձնահատուկ նշել մեր այն բժիշկներին, որոնք քառօրյա պատերազմի ընթացքում մեր զինվորների կողքին էին, իսկ հետպատերազմական ժամանակ հոգ են տանում վիրավորներին», - ասել է նախարարը:






