Հունիսի 4-ին Պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտում նորածնի մահվան պատճառը ներարգանդային վարակն էր: Այդ փաստը հաստատվել է լաբորատոր եղանակով: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին պատմել է կլինիկայի ղեկավար, Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:  

Նրա խոսքով, նորածնի ռենտգենը ցույց է տվել, որ նա թոքերի երկկողմանի բորբոքում է ունեցել, իսկ անալիզները հաստատել են դա եւ օգնել են ի հայտ բերել կոնկրետ մանրէները: Մինչեւ ծնվելը ձեռք բերած վարակն է դարձել նրա մահվան պատճառը: 

Գինեկոլոգը նշել է, որ նման վարակները հաճախ են հայտնվում ոչ թե ծննդից անմիջապես հետո, այլ առաջին 24-72 ժամվա ընթացքում, ինչպես որ այդ կոնկրետ դեպքում էր: 

Երեխայի մայրը հղիության ընթացքում գրիպ է տարել եւ չի բացառվում, որ հենց այդ վարակն է հայտնվել երեխայի օրգանիզմում: 

Հիշեցնենք, որ երեխայի մայրը` 32-ամյա Լուսինե Խշոյանը, Էջմիածնի բժիշկների խորհրդով հունիսի 2-ին դիմել է Պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտ, երբ հայտնի է դարձել, որ նրա պտղի մոտ թթվածնային քաղց է սկսվել: 

Երեխան ծնվել է հունիսի 3-ի երեկոյան եւ նախ թվացել է, թե նրա վիճակը նորմալ է, չնայած նա ժամանակից շուտ էր ծնվել: Երեխային համենայն դեպս տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որովհետեւ նա անհաս էր համարվում: Հաջորդ առավոտ ծնողներին ասել են, որ երեխան խնդիրներ ունի եւ խնդրել են պլազմա տալ: Մի քանի ժամից նրանց հայտնել են, որ երեխան մահացել է: