Սննդամթերքի ու դեղամիջոցների վերահսկողության ամերիկյան վարչությունը (Food and Drug Administration) թույլ է տվել Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումն անել մարդկանց վրա: Նոր պատվաստանյութը փորձարկվելու է 40 առողջ կամավորականների վրա: Կլինիկական փորձարկումների առաջին փուլի արդյունքները հայտնի կդառնան արդեն մինչեւ այս տարվա վերջ:

GLS–5700 կոչվող պատվաստանյութը, որը մշակել են Inovio Pharmaceuticals и Gene One Life Science ընկերության մասնագետները, պարունակում է վիրուսային ԴՆԹ-ի արհեստականորեն սինթեզված մասեր, որոնց ներարկումը խթանում է Զիկա վիրուսի դեմ հակամարմինների արտադրությունը:

Նոր պատվաստանյութի մասին տեղեկությունները դեռ քիչ են: Հայտնի է, որ այն արդեն հաջողությամբ փորձարկվել է կենդանիների վրա, բայց դրա կլինիկական փորձարկումները կարող են երկար տեւել , չէ՞ որ անհրաժեշտ է ցույց տալ ոչ միայն դրա արդյունավետությունը, այլեւ անվտանգությունը:

Վերջերս գիտնականները ապացուցել են, որ վտանգավոր վիրուսի ու միկրոցեֆալիայի (բնածին արատ) միջեւ կապ իրոք կա: Վտանգավոր վիրուսն արդեն հայտնաբերվել է աշխարհի 58 երկրներում, ու վարակի դեպքերը շարունակում են շատանալ:

Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութերը այսօր այլ երկրներում էլ են մշակվում: Մշակողներից է հնդկական դեղագործական BharatBiotech ընկերությունը ու Sanofi SA ֆրանսիական հսկան: Ալերգիայի ու վարակիչ հիվանդությունների ամերիկյան ազգային ինստիտուտը հայտնել է, որ մոտ ժամանակներս ակնկալում է, որ FDA–ը հավանություն կտա, որ ինստիտուտի մասնագետները եւս մեկ պատվաստանյութ փորձարկեն: