Հունիսի 16-ից 18-ը արձանագրվել է MERS մերձավորարեւելյան շնչառական համախտանիշով (կորոնավիրուսով) վարակվելու 22 նոր դեպք: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Կորոնավիրուսի բռնկումը սկսվել է Էր Ռիյադի հիվանդանոցում, որտեղ հունիսի 10-ին տեղափոխել են մի 49-ամյա կնոջ, որի ախտանիշները նման չէին MERS–ին: Նրան տեղավորել էին անոթային վիրաբուժության բաժանմունքում, որտեղ նա գտնվում է մյուս հիվանդների հետ ընդհանուր հիվանդասենյակում: Այդ ընթացքում մոտ 50 բուժաշխատող ու հիվանդ ենթարկվել են վարակվելու վտանգին:

Այն բանից հետո, երբ կնոջ մոտ հաստատվել է MERS–ը, հիվանդանոց է եկել արագ արձագանքման թիմը, ու մասնագետները սկսել են պարզել հիվանդության փոխանցման հնարավոր ուղիները: Դրա արդյունքում բացահայտվել են 20 վարակվածներ, որոնցից 17-ը վարակվել էին հիվանդանոցի ներսում, իսկ երեքը՝ դրանից դուրս՝ կենցաղային շփումների ժամանակ: 18 վարակվածների մոտ դեռ ոչ մի ախտանիշ չի նկատվում:

Քանի որ կորոնավիրուսի ամենահավանական տարածողը համարվում են Արաբական թերակղզում բնակվող ուղտերը, հիվանդությունը նաեւ հայտնի է որպես «ուղտի գրիպ»: Վարակվելու ամենամեծ վտանգին ենթարկվում են թուլացած իմունիտետով, թոքերի խրոնիկ հիվանդությամբ, շաքարախտով ու երիկամային անբավարարությամբ մարդիկ:

ԱՀԿ տվյալներով, առանց այս վերջին տվյալները հաշվի առնելու՝ աշխարհոմ գրանցվել է վիրուսով վարակվելու 1628 դեպք, որոնցից 587-ը մահացու ելքով: Հիվանդության դեպքեր հայտնաբերվել են 26 երկրներում, սակայն դրանց ճնշող մեծամասնությունը բաժին է հասնում Սաուդյան Արաբիային: