Եթե դուք Google-ի որոնման տողում առողջության հետ կապված որեւէ հարց մտցնեք, ամենայն հավանականությամբ մեծ թվով պատասխաններ կստանաք Ձեր հնարավոր առողջության հետ կապված, որոնցից շատերը կարող են վախեցնել կամ սխալ ուղով ուղղորդել: Իրավիճակը փոփոխելու համար որոնողական հայտնի համակարգը ըստ ախտանիշների նոր որոնում է մտցնում:
Նոր ծառայությունը կոչվում է «Ախտանիշների որոնում», այն ստեղծված է Harvard Medical School-ի եւ Mayo Clinic-ի գործընկերությամբ: Այնպիսի հարցումներին, ինչպիսին է «գլուխս ցավում է», «ստամոքսում տհաճ զգացողություններ ունեմ», «մաշկիս ցան ունեմ» որոշ քանակությամբ (մոտ 6) քարտեր կտրվեն ամենատարածված հիվանդությունների նկարագրությամբ: Քարտերով կլինեն նաեւ հղումներ, որոնք նախկինում եւս ներկայացվում էին: Քարտերի վրա հիվանդության նկարագրությունից բացի, տեղեկություն ներկայացված կլինի այն մասին, թե այդ հիվանդություններն ինչպես է պետք բուժել, եթե այդ բուժումը հնարավոր է տնային պայմաններում: Իսկ եթե խնդիրը լուրջ է, խորհուրդ է տրվում քարտերն անմիջապես ուղարկել բժշկին:
Վերոնիկա Պինչինը, որը որոնողական շարժիչի համակարգի մշակմամբ զբաղվող խմբի պրոդակտ մենեջերն է, նշել է, որ մինչեւ նոր գործիքի հայտնվելը, անհրաժեշտ է իմանալ հիվանդության ճշգրիտ անվանումը բժշկական բնույթի ճշգրիտ տեղեկություն ստանալու համար: Նա հավելել է, որ ամբողջ աշխարհում հարցումների մոտ 1 տոկոսը այս կամ այն կերպ կապված են առողջության հետ, այդ պատճառով Google-ում միլիոնավոր քարտեր են պատրաստել ախտանիշների միլիոնավոր հնարավոր համադրությունների համար: Դա չի նշանակում, թե, նրա խոսքով, յուրաքանչյուր օգտատեր կգտնի իրեն անհրաժեշտ պատասխանը, որովհետեւ դա ընդամենը ալգորիթմ է, համակարգչային համակարգ, բայց մշակողները նախատեսել են շարունակել որոնման կատարելագործումը:
Բժիշկ Սետ Մարտինը, որը գործող սրտաբան է եւ Johns Hopkins University School of Medicine-ի դոցենտ, հավանություն է տվել ընկերության նախաձեռնությանը` հայտնելով, որ հաճախակի են դեպքերը, երբ մարդիկ բժշկի մոտ ընդունելության են գալիս` զինվելով ինտերնետում հայտնաբերված տեղեկություններով, որոնք, ինչպես պարզվում է, որեւէ կապ չեն ունենում իրենց հիվանդության հետ: Պրոֆեսորի խոսքով, բավականին բարդ է մարդկանց բացատրել, թե իրենց իրականում ինչ է պատահել: Ինտերնետը լի է ոչ ճշգրիտ բժշկական տեղեկություններով եւ հիվանդները հաճախ բժշկի մոտ ընդունելության են վազում այն ժամանակ, երբ դա բոլորովին անհրաժեշտ չէ: Որոնման ավելի ճշգրիտ արդյունքները նոր սերվիսի շրջանակում կարող են փոխել իրավիճակը:
Մշակողների խոսքով, «ախտանիշների որոնումը» չի փոխարինի բժշկին, բայց գուցե օգնի հիվանդի եւ բժշկի երկխոսությանը:
Նոր որոնումը մոտ ապագայում մատչելի կլինի առայժմ միայն անգլերենով եւ միայն Google-ի հավելվածներում, որոնք մշակվել են iOs-ով եւ Android-ով: Նոր գործիքի հեղինակներն ապագայում նոր լեզուներ եւ հարթակներ կավելացնեն:






