Հայկական առողջապահության համակարգում այսօր չկան գործողությունների հստակորեն կարգավորված ալգորիթմներ, որոնք խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի զոհի հետ գործ ունեցող բժշկին օգնեին ճիշտ կազմակերպել իր գործողությունները եւ փաստաթղթավորել հիվանդի մարմնի բոլոր վնասվածքները: Այդ մասին հունիսի 22-ի մամուլի ասուլիսին հայտնել է Երեւանի բժշկական համալսարանի ընտանեկան բժշկության ամբիոնի դոցենտ Մարինա Օհանյանը:
Ավելին, Հայաստանում, նրա խոսքով, դեռեւս ներդրված չէ նման դեպքերի փաստաթղթավորման միասնական ստանդարտ ձեւը: Աշխարհի շատ երկրներում դրա համար օգտագործվում է այսպես կոչված ստամբուլյան ընթացակարգը («Խոշտանգումները եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքը եւ պատիժը արդյունավետորեն հետաքննելու հրահանգներ»), որը ՄԱԿ-ի կողմից հավանության է արժանացել դեռեւս 1999-ին: Հայաստանում այդ ընթացակարգը դեռեւս չի կիրառվում: Վրաստանը այդ ընթացակարգը ներդրել է անցյալ տարվա վերջին, իսկ Ռուսաստանում եւ Ադրբեջանում եւս այն դեռեւս չի ընդունվել:
Լաուրա Գասպարյանն իր հերթին նշել է, որ ՄԻՊ-ի գրասենյակին կից խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի բաժանմունքից բժիշկը առաջին մարդն է դառնում, որը տեսնում է հիվանդին, որի հետ գուցե դաժանորեն են վարվել: Եթե կարողանա ժամանակին նկատել նրա մարմնի վնասվածքները եւ դաժան վերաբերմունքի հետեւանքով առաջացած հոգեբանական խնդիրները եւ ճիշտ փաստաթղթավորել դրանք, դա հետագայում կօգնի բացահայտել գործը եւ ապացուցել նրա նկատմամբ բռնության փաստը: Իսկ եթե բժիշկը չկարողանա ճիշտ մեկնաբանել ամբողջ տեսածը, դա զգալիորեն կբարդացնի ապագայում գործի բացահայտումը:






