Մանկական ուղեղի կաթվածով երեխաների համար «Երազանքի տուն» վերականգնողական կենտրոնը նախատեսում են նոր, ավելի ընդարձակ տարածք տեղափոխել, որում փոքր հիվանդները եւ իրենց ծնողները կկարողանան ստանալ իրենց անհրաժեշտ թերապիայի բոլոր տեսակները եւ այլ ծառայություններ: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է «Հայկական մայրեր» ՀԿ-ի հիմնադիրը:
Այսօր «Երազանքի տուն» կենտրոնը տեղակայված է բազմահարկ տան երկրորդ հարկում գտնվող փոքրիկ բնակարանում, այնտեղ տեղ եւ հնարավորություն չկա ջրային թերապիա անցկացնելու. դրա համար ստիպված են լինում առանձին տարածք վարձակալել, բայց մանկական ուղեղի կաթվածով երեխաների ծնողների համար բավականին բարդ է նրանց երկրորդ հարկ բարձրացնելը:
Նոր տարածքը, որում նախատեսված է կազմակերպել նոր «Երազանքի տունը», անհամեմատ ավելի մեծ է ներկայիս տարածքից եւ դրանում հնարավոր կլինի տեղակայել մանկական ուղեղի կաթվածով երեխաների համար բոլոր սենյակները եւ թերապիայի բոլոր տեսակները, ներառյալ հատուկ լողավազանը ջրային թերապիայի համար: Հալաբյան 59 հասցեում գտնվող կիսանկուղային տարածքն արդեն կենտրոնի հիմնադրի տրամադրության տակ է, սակայն կապիտալ վերանորոգման կարիք ունի, ինչի համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ:
«Մենք ուզում ենք լիարժեք վերականգնողական կենտրոն ստեղծել երեխաների համար, որտեղ թերապիայի բոլոր անհրաժեշտ ծառայությունները եւ տեսակները մի տեղում կլինեն, որպեսզի ծնողները ստիպված չլինեն երեխաներին քաղաքի մի հատվածից մյուսը տանել», - նշել է Նարինե Մանուկյանը:
Հիշեցնենք, որ մանկական ուղեղի կաթվածով երեխաների համար «Երազանքի տուն» վերականգնողական կենտրոնը բացվել է նախանցյալ տարվա սեպտեմբերին: Ամեն տարի ՈՒՄԿ-ով 220 երեխա ամիսը մի քանի անգամ դրանում թերապիայի տարբեր տեսակներ են ստանում, իսկ նրանց ծնողները հոգեբանական օգնություն են ստանում, գիտելիքներ եւ աջակցություն:
Նարինե Մանուկյանը նշել է, որ նոր «Երազանքի տունը» կներառի ջրային թերապիա, արթ-թերապիա, բուժական կինեզոթերապիա, մերսում եւ լոգոպեդի, հոգեբանի եւ մանկաբույժի ծառայություններ: Նախատեսված է նաեւ հանգստի հատուկ սենյակ ստեղծել, որտեղ հնարավոր կլինի միջոցառումներ եւ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների հետ հանդիպումներ կազմակերպել:
Այդ ամենի իրականացման համար մոտ 6.500.000 դրամ է անհրաժեշտ շինանյութ գնելու (նյութեր, ջեռուցման համակարգեր, եվրո դռներ եւ պատուհաններ, որոշ կենցաղային սարքեր, կահույք) եւ մոտ 4.000.000 դրամ վերանորոգման աշխատանքներ կատարելու համար:
Այս պահին կենտրոնի տրամադրության տակ ՈՒՄԿ-ով երեխաների համար 3 հատուկ մարզասարք կա, բայց կենտրոնի հիմնադիրները նախատեսել են ժամանակի ընթացքում նոր մարզասարքեր եւ ապարատներ գնել: Նարինե Մանուկյանը նշել է, որ այս պահի դրությամբ ամենից կարեւոր է նորոգել նոր տարածքը եւ հնարավորինս արագ սկսել դրանում աշխատել երեխաների հետ, իսկ այն բարելավելը եւ նոր տեխնիկայով ապահովելը հնարավոր կլինի ժամանակի հետ:
Հուլիսի 5-ին 20:00-ին երեւանյան Club 12-ում տեղի կունենա բարեգործական համերգ, որի ամբողջ շահույթը կուղղվի «Երազանքի տուն» կենտրոնի նորոգմանը: Տոմսի արժեքը 5000 դրամ է, 099 00 70 10 հեռախոսահամարով զանգելով հնարավոր է տոմս եւ առաքում պատվիրել:
Նոր կենտրոնի վերանորոգմանն օգնել հնարավոր է նաեւ հետեւյալ հաշվին փոխանցումներով.
AMERIABANK 1570015189660100 - AMD






