Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությունը, որը Հայաստանում իրականացվել էր 2006-2012 թվերին, հանգեցրել է ցուցանիշների էական բարելավման: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` մեկնաբանելով կառավարության կողմից այսօր ընդունված նոր ռազմավարությունը, որը նախատեսված է 2016-2020 թվերի համար:
Նախարարը նշել է, որ անցած տարիների ընթացքում Հայաստանում մայրական մահացությունը կրճատվել է 26 տոկոսով, իսկ հղիությունների ընդհատման թիվը` 17 տոկոսով:
«Եթե նախկինում 100 հղիից 55-ն ընդհատում էր հղիությունը, 10-ը վիժում էր եւ միայն 35-ն էր ծննդաբերում, այսօր այդ համամասնությունը փոխվել է հակառակ ուղղությամբ. հղիությունների մեծ մասը ծննդաբերություններով է ավարտվում», - ասել է նախարարը` հավելելով, որ 4 պրոմիլեով կրճատվել է նաեւ մանկական մահացության ցուցանիշը:
Բայց, նախարարի խոսքով, դա իհարկե սահման չէ եւ այդ առումով շատ աշխատանք կա անելու, ինչը նախատեսված է ռազմավարության իրականացման միջոցառումների ցանկով, որը եւս հաստատվել է կառավարության կողմից:
Նշենք, որ հունիսի 23-ին կառավարության կողմից հաստատված վերարտադրողական առողջության բարելավման նոր ռազմավարության կետերից մեկը նախատեսում է երեխաների սեռի անհամապատասխանության (սելեկտիվ աբորտների պատճառով) կրճատում եւ ԶԼՄ-ների լայնորեն ներգրավում տվյալ հարցի քննարկմանը:






