Հայաստանում աճել է թմրամոլների թիվը. 2015-ին հանրապետությունում 5357 գրանցված թմրամոլ կար, իսկ այսօր այդ թիվը կազմում է 5828: Այդ մասին հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր թմրաբան Պետրոս Սեմերջյանը:
Միաժամանակ նա նշել է, որ դա այսօր հաշվառման կանգնած թմրամոլների թիվն է, իսկ դրանց իրական թիվն ավելի մեծ է: Ընդհանրապես, նրա խոսքով, վերջին տարիներին Հայաստանում թմրակախվածության ցուցանիշների աճ է դիտարկվում, տարեկան մոտ 9 տոկոսով:
Թմրակախվածությամբ գրանցված մարդկանց շրջանում 11 անչափահաս կա: Կանանց շրջանում եւս աճում է թմրանյութ օգտագործողների թիվը, ճիշտ է` ոչ այնպիսի տեմպերով, որքան տղամարդկանց շրջանում: Թմրամոլության աճի պատճառներից մեկը Պետրոս Սեմերջյանը համարում է թմրանյութի անօրինական շրջանառությունը:
Պատասխանելով այն հարցին, թե թմրամոլների որ տոկոսն է բուժումից հետո վերադառնում կործանարար սովորությանը, Պետրոս Սեմերջյանը անմխիթար թիվ է մեջբերել` 80 տոկոս:






