Ամառային շոգ եղանակը մարդու օրգանիզմի վրա  դրական  ազդեցությունից բացի կարող է նաեւ առաջացնել բազմաթիվ ռիսկեր, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Ջերմաստիճանի բարձրացումն անդրադառնում է վարակիչ հիվանդությունների տարածման վրա, ինչը պայմանավորված է հիվանդությունների փոխանցողների բազմացման համար  նպաստավոր կլիմայական պայմաններով, ինչպես նաեւ արտաքին միջավայրում հիվանդությունների հարուցիչների կենսունակության երկարատեւ պահպանմամբ: Տաք եղանակներին մանրէներն ավելի արագ են բազմանում ինչպես խմելու ջրում, այնպես էլ դեկորատիվ ջրավազանների, գետերի, լճակների աղտոտված հատվածների ջրերում (եթե առկա են աղբակույտեր կամ սննդի օբյեկտներ, որոնց կեղտաջրերը բաց են թողնվում գետերի, լճակների ջրի մեջ կամ ջուրը ճահճացած է):

Աղիքային վարակներից խուսափելու համար անհրաժեշտ է երեխաներին արգելել դեկորատիվ ջրավազաններում լողալ, քանի որ դրանք նախատեսված չեն լողի համար, չունեն ջրի մաքրման եւ ախտահանման համապատասխան կառուցվածք: Լողն արգելվում է նաեւ գետերի, լճակների աղտոտված ափերով եւ ջրով  հատվածներում:

Չի կարելի ձեռքերը, մրգերը, բանջարեղենը, հատապտուղները լվանալ առուների, գետերի, լճերի ջրերով:

Անհրաժեշտ է զգոն լինել խմելու ջրի որակի նկատմամբ՝ հոտի, համի, գույնի տեսանելի փոփոխությունների, նստվածքների առկայություն նկատելու դեպքերում այն պետք է օգտագործել միայն եռացնելուց հետո, միաժամանակ ահազանգել ջրամատակարարման համակարգը սպասարկող կազմակերպությանը՝ ջրի որակի հետ կապված խնդիրները բացահայտելու եւ վերացնելու համար: Ժամանակացույցով կամ ջրամատակարարաման ցանցում վթարավերականգնողական աշխատանքների հետեւանքով իրականացված ջրանջատումներից հետո մատակարարվող ջուրն օգտագործել միայն որոշ ժամանակահատված հոսելուց հետո՝ խողովակներում հնարավոր աղտոտումները մաքրելու նպատակով:

Ջրի աղտոտման պատճառ կարող է լինել նաեւ բնակչության կողմից իրականացված ջրագծերի եւ կոյուղու ապօրինի եւ սխալ միացումները: Նմանատիպ ապօրինի միացումների մասին տեղեկություն ունենալու դեպքում անհրաժեշտ է ահազանգել ջրամատակարար կազմակերպություն, քանի որ այն կարող է վտանգել է առողջությունը: Ջրի աղտոտման պատճառ կարող է լինել նաեւ խմելու ջրով տնամերձ այգիների ոռոգումը, քանի որ ռետինե խողովակից ջրանջատման ընթացքում կարող է առաջանալ հակադարձ հոսք, ինչի հետեւանքով աղտոտումը կներթափանցի ջրամատակարարման համակարգ՝ առաջացնելով աղիքային վարակների տարածման վտանգ: Ջրով փոխանցվող մանրէային, վիրուսային, սնկային եւ մակաբուծային հիվանդությունները կանխարգելելու նպատակով խմելու ջուրն անհրաժեշտ է ենթարկել շարունակական ախտահանման: