Intermountain Medical Center-ի մասնագետները եռաչափ տպիչով երիկամ են տպել`  հսկայական ուռուցքի հեռացման վիրահատության ընթացքում փրկելու հիվանդի  իսկական երիկամը:

Լինդա Գրինի ուռուցքն առաջացել է ութ տարի առաջ, սակայն բժիշկները չէին շտապում հեռացնել այն. թվում էր, թե ուռուցքը չի աճում, իսկ կինը կանոնավոր կերպով հետազոտման էր գնում, այնպես որ իրավիճակը վերահսկվում էր: Սակայն   2016-ի մարտին բժիշկները հայտնաբերեցին, որ նորագոյացության չափերը կրկնապատկվել են: Պարզ դարձավ, որ վիրահատությունն անխուսափելի է: Սակայն բժիշկները որոշեցին չհեռացնել ամբողջ երիկամը, այլ ընդամենը ուռուցքը կտրել:   

Վիրահատության պատրաստվելով` մասնագետները մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա անցկացրեցին, հետո եռաչափ տպիչով տպեցին ուռուցքից վնասված երիկամի մոդելը: Դա նրանց օգնեց պլանավորել վիրահատությունը եւ հաջողությամբ հեռացնել նորագոյացությունը` միաժամանակ պահպանելով երիկամը: Հիմնական բարդությունն այն էր, որ ուռուցքը գտնվում էր արյունատար անոթների եւ միզածորանի մոտ. կարեւոր էր դրա հեռացման ընթացքում չվնասել այդ օրգանները: 

Ջեյ Բիշոֆը բացատրել է, որ եռաչափ մոդելի օգնությամբ իրենց հաջողվել է տեսնել, թե ուռուցքը ճշգրիտ ինչպես էր միացված երիկամին: Առանց   3D տպագրության օգտագործման անհնար կլիներ ստանալ տվյալները եւ վիրահատությունը հազիվ թե հաջող անցներ: 

Նշենք, որ սա բոլորովին էլ առաջին դեպքը չէ, երբ նախնական եռաչափ մոդելավորումն օգնում է վիրահատություններ կատարել կամ էլ մշակել վիրահատական միջամտության որոշ փուլեր: 3D տպիչով արդեն տպագրել են բարդ արատով սիրտ, նորածին երեխայի գլուխ եւ նույնիսկ մանկական շնչափող: