27-ամյա Էրիկ Բաբայանին, որը ապրիլյան պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ վիրավորումներ էր ստացել, եւս երկու վիրահատություն պետք է արվի: Այս մասին NEWS.am Medicine–ի թղթակցին պատմել է Էրիկի մայրը՝ Ալվինա Կարապետյանը:

Մոր խոսքով մոտ ապագայում Էրիիկին պետք է կատարեն կոնքազդրի պրոթեզավորում եւ աղիների վիրահատություն: Վիրահատությունների ճշգրիտ օրը դեռ հայտնի չէ, մոր խոսքով բժիշկները սպասում են, որ Էրիկը մի քիչ կազդուրվի, որպեսզի կարողանա առանց խնդիրների դիմանալ վիրահատություններին:

Առայժմ Էրիկը մնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, սակայն բացառված չէ, որ մոտ ապագայում նրան կտեղափոխեն սովորական հիվանդասենյակ:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Էրիկ Բաբայանին հիվանդանոց էին տարել ծարահեղ ծանր վիճակում, աղիների ու ստամոքսի վիրավորումով: Բժիշկները երկու անգամ վիրահատել են աղիները, նաեւ հեռացրել մեկ երիկամը, որից հետո Էրիկի մոտ սուր երիկամանային անբավարարություն էր սկսվել, որը սակայն հաջողվել է հաղթահարել: Մայիսին Էրիկը եւս մեկ վիրահատություն է տարել՝ վիրավորումից հետո նա թոքերի ուժեղ սալջարդ ուներ, որը ժամանակի ընթացքում հանգեցրել էլ կպումների ձախ պլեւրալ խոռոչում: Խնդիրը լուծելու համար նրան տորակոտոմիա են արել:

Էրիկի վիճակը հիմա գնահատվում է որպես կայուն ծանր, սակայն բժիշկների խոսքով ակնհայտ է, որ նա սկսել է ապաքինվել: