Հոգեբուժական, նարկոլոգիական եւ հակատուբերկուլոզային ստացիոնարներն արդեն ֆինանսավորվում են ոչ թե բուժվող հիվանդների թվով, այլ ընդհանուր բյուջեով` հաշվի առնելով հիմնարկության պահպանման ծախսերը։ Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոն կատարած այցի ընթացքում։
Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ տեղեկատվական բաժնից, Դերենիկ Դումանյանը գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանին եւ տնօրենի պաշտոնակատար Արմեն Սողոյանին հանձնարարեց կոլեկտիվի հետ զարգացման ծրագիր մշակել, եւ խնդիր դրեց առաջին հերթին բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձերը։ Իսկ հիմնարկի վերանորոգման ու նյութատեխնիկական բազայի հարստացման նպատակով առանձին ծրագրեր մշակել։
«Անցած տասը տարվա փորձը ցույց տվեց, որ միավորումը ոչ միայն չնպաստեց հոգեբուժական կլինիկաների եւ ծառայությունների բարելավմանը, այլեւ նոր խնդիրներ ի հայտ բերեց, ինչն էլ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ընկերության վերակազմակերպման հիմք հանդիսացավ։ Նոր իրադրությունը նոր պահանջներ է թելադրում։ Ձեր կոլեկտիվը լավ ավանդույթներ ու կադրային խոստումնալից ներուժ ունի, եւ վստահ եմ, որ ճանապարհներ կգտնի դրանք հաղթահարելու համար»,-ասաց նախարարը կենտրոնի բժիշկների հետ հանդիպման ժամանակ։ «Ես կարծում եմ, որ դուք կարող եք լուրջ դերակատարություն ունենալ ոլորտում չափորոշիչների մշակման, հոգեկան խնդիրների կանխարգելման, ժամանակակից պահանջներին համապատասխան նոր ծառայությունների ներդրման գործում», - ասաց նա։
Նախարարն իր մտահոգությունը հայտնեց դատահոգեբուժական փորձաքննության ոլորտի` փորձագետների ընտրության, հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգման, վարձատրման եւ այլ խնդիրների հետ կապված։ Նա վստահեցրեց, որ համատեղ ուժերով պետք է լիովին կանոնակարգվի նաեւ այս դաշտը։
Հոգեբուժության ամբիոնում զրույցի բռնվելով Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանողների հետ, նախարարը խորհուրդ տվեց ընտրել հոգեբույժի մասնագիտություն` նշելով, որ ոլորտում երիտասարդ, առաջադեմ մտածելակերպով երիտասարդ մասնագետներ են անհրաժեշտ` ծառայությունը նոր հիմքերի վրա դնելու համար։ Ավելացրեց, որ աշխարհում տարեցտարի ավելի է կարեւորվում հոգեբույժի, հոգեբանի մասնագիտությունը եւ ՀՀ առողջապահության նախարարությունը նույնպես այս ոլորտում համաշխարհային կազմակերպությունների հետ նոր ծրագրեր եւ աշխատանքներ է տանում։ Որպես օրինակ` ներկայացրեց վերջերս Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի նախագահի հետ ստորագրված հուշագիրը։






