Հանրապետությունում այս տարի արձանագրվել է սնկից թունավորման 12 դեպք` 21 տուժածով, որից 8-ը մինչեւ 14 տարեկան երեխաներ են: Մահվան ելք չի արձանագրվել:
Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է սնկից թունավորման 9 դեպք՝ 11 տուժածով, որից 3-ը մինչեւ 14 տարեկան երեխաներ: Մահվան ելք չի արձանագրվել:
Թունավորման դեպքերն արձանագրվել են Արագածոտնի, Լոռու, Արարատի, Կոտայքի, Արմավիրի մարզերում: Բոլոր դեպքերում թունավորման պատճառը տուժածների կամ նրանց հարազատների կողմից հավաքված սնկի օգտագործումն է սննդում:
Սնկից թունավորման նախնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում, գլխապտույտ, որոնց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
Թունավորումից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է`
- չհավաքել կամ չգնել եւ սննդում չօգտագործել անծանոթ եւ անհայտ ծագման սունկ
- չհավաքել ավտոճանապարհների եւ երկաթգծերի մոտակայքում աճած սնկերը, քանի որ թունավոր նյութերը կուտակվում են սնկում, որը օգտագործման համար դառնում է ոչ պիտանի
- սննդում չօգտագործել հում սունկ
- սունկ գնել միայն շուկայից եւ խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում
- չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի
- հղի կանանց, կերակրող մայրերին եւ երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել
- ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:






