Ohio State University-ի գիտնականները Էբրահամ Բադու-Տավիայի գլխավորությամբ թղթային թեստ-շերտեր են ստեղծել, որոնց օգնությամբ հնարավոր է մալարիա եւ քաղցկեղի որոշ տեսակներ ախտորոշել: Այդ թեստ-շերտերը շատ էժան արժեն եւ հնարավոր է դրանք օգտագործել ոչ միայն լաբորատորիայում, այլեւ տնային պայմաններում:  

Դրանց օգնությամբ անալիզ անցկացնելու համար ընդամենը արյան կաթիլ է անհրաժեշտ, որը պետք է տեղադրել թղթե հատուկ շերտի վրա եւ ուղարկել լաբորատորիա:  Եթե անալիզի արդյունքները դրական լինեն, հիվանդին կհրավիրեն բժշկի մոտ եւ լրացուցիչ հետազոտություններ կնշանակեն:  Թեստ-շերտերի իմաստն այն է, որ մարդը ստիպված չլինի մալարիայի կասկածի դեպքում բժշկի գնալ. հնարավոր կլինի տանը թեստ անել եւ այն ուղարկել լաբորատորիա: 

Գիտնականների կարծիքով, նման թեստերը կարող են օգտագործվել այն շրջաններում, որտեղ մալարիայով վարակման ռիսկը շատ բարձր է: Դրանք կարելի է կիրառել նաեւ այլ հիվանդությունների ախտորոշման դեպքում, որոնք կապված են օրգանիզմում հատուկ հակամարմինների արտադրության հետ, օրինակ` հաստ աղիքի քաղցկեղի եւ ձվարանների քաղցկեղի: 

Արյան նմուշները, որ քսվում են շերտերին, անալիզի կենթարկվեն մասս-սպեկտրոմետրիայի օգնությամբ: Շերտերի հատուկ ծածկույթի շնորհիվ, որոնց չափը չի գերազանցի փոստային դրոշմանիշի չափը, նմուշը պաշտպանված կլինի լույսի ազդեցությունից, ջերմաստիճանի փոփոխություններից եւ խոնավությունից:  Թեստ-շերտիկը հնարավոր կլինի պահել 30 օրվա ընթացքում:

Մշակողները տարվա ընթացքում ստուգել են շերտիկների արդյունավետությունը` դրանց օգնությամբ ինչպես մալարիա, այնպես էլ ձվարանների քաղցկեղ ախտորոշելով: Այժմ նրանք հույս ունեն արտոնագիր ստանալ դրանց զանգվածային արտադրության համար եւ սկսել դրանք օգտագործել կլինիկական պրակտիկայում:  Նրանց խոսքով, յուրաքանչյուր շերտի արժեքը չի գերազանցի  50 ցենտը:

Այդ մասին պատմում է Journal of the American Chemical Society ամսագիրը: