ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի մասնաճյուղը Արթիկի «Հայջրմուղկոյուղի»  ՓԲԸ-ի հետ համատեղ  շարունակում է Արթիկ քաղաքում տեղի ունեցած  ջրհեղեղով պայմանավորված  խմելու ջրի որակի ամենօրյա մոնիթորինգի իրականացումը:  

ՀՎԿԱԿ Շիրակի մասնաճյուղի տնօրեն Վարդան Ոռուտյանի փոխանցմամբ` կատարվում է խմելու ջրի նմուշառում եւ հետազոտություն  մնացորդային քլորի եւ մանրէաբանական  ցուցանիշների նկատմամբ, որոնց արդյունքում շեղումներ չեն արձանագրվել:

Ինչ վերաբերում է մամուլում հնչած այն տեղեկատվությանը, թե Արթիկում  հակասանիտարական վիճակ է եւ կան հիվանդ երեխաներ, ապա ՀՎԿԱԿ Շիրակի մասնաճյուղի տնօրենի վստահեցմամբ Արթիկի բժշկական հաստատություններում  երեխաների շրջանում  խմելու ջրի գործոնով  պայմանավորված հոսպիտալացման դեպքեր այսօրվա տվյալներով  չի գրանցվել:

Նշենք, որ Շիրակի մարզում շարունակվում են բակային համայցերը, որոնց ընթացքում բնակչության շրջանում իրականացվում  բացատրական աշխատանք:

Կրկին հորդորում ենք բնակչությանը՝ աղիքային վարակների առաջին իսկ ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի: