Երեւանի քաղաքապետարանի «Ձեզ համար, կանայք» առողջապահական ամենամյա ակցիան, որը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս տարի իրականացվում է մատուցվող բուժծառայությունների ու հետազոտությունների ընդլայնված ցանկով, մեկնարկում է մարտի 10-ից։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ակցիայից օգտվել կարող են բոլոր երեւանաբնակ կանայք, ովքեր հաշվառված են Երեւանի որեւէ պոլիկլինիկայում եւ ունեն բժշկական քարտ։
«Ձեզ համար, կանայք» ակցիային մասնակցում են Երեւանի բոլոր բուժհաստատությունները՝ անկախ ենթակայությունից։ Ակցիայի շրջանակում կատարվում են բազմակողմանի հետազոտություններ, ինչպես նաեւ որոշ ուղղվածության վիրահատություններ։ Թանկարժեք եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հետազոտություններից կատարվում են միայն համակարգչային տոմոգրաֆիա, կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտություններ, դենսիտոմետրիա (կալցիումի պարունակության որոշումը ոսկորներում): Ակցիայով կատարվում են հատկապես գինեկոլոգիական (բացառությամբ պլաստիկ վիրահատությունների) եւ ակնաբուժական (ոսպնյակի փոփոխության անհրաժեշտության դեպքում քաղաքացին վճարելու է միայն ոսպնյակի գումարը) վիրահատություններ։
«Ձեզ համար, կանայք» ակցիայից օգտվելու համար երեւանցի կանայք պետք է դիմեն իրենց գրանցման ամբուլատոր համաբուժարաններ, ապա, տեղամասային բժշկի նախնական հետազոտությունից հետո, անհրաժեշտության դեպքում կուղեգրվեն հիվանդանոց։






