Հայերը շատ են վախենում ողնաշարի հետ կապված բժշկական միջամտություններից: ժողովրդի մեջ արմատավորված կարծիք կա, որ ողնաշարի նյարդի վնասվածքն անուղղելի է: «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ողնաշարի պաթոլոգիաների բաժանմունքի վարիչ Կարապետ Մոմջյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ մեր ժողովուրդը վախենում է նույնիսկ սովորական պունկցիայից եւ չի էլ ենթադրում, որ դա արվում է շատ առիթներով, ինչպես օրինակ` էպիդուրալ անզգայացման ընթացքում:

Բժշկի կարծիքով, դա զուտ հոգեբանական խնդիր է եւ իրենք հաճախ ստիպված են լինում հիվանդի հետ երկար զրուցել, բացատրել: Բժիշկը հավելում է. ողնաշարի հետ աշխատանքում ռիսկեր կան, ինչպես եւ բժշկական յուրաքանչյուր միջամտության դեպքում: Այստեղ կարեւորն այդ ռիսկերը ճիշտ գնահատելն է:

Կարապետ Մոմջյանը խոստովանում է. նախընտրում է հնարավորության դեպքում վիրահատություն կատարել, քան հրաժարվել դրանից` նույնիսկ այն դեպքերում, երբ անբարենպաստ ելքի ռիսկը մեծ է: Ըստ նրա՝ լինում են իրավիճակներ, երբ վիրահատություն չկատարելու դեպքում հիվանդին սպառնում է անշարժացում, բայց վիրահատության հաջողության շանսերն էլ 50/50 են: Այդուհանդերձ, բժիշկը գերադասում է ռիսկի դիմել, քան անգործ նստել:

Կարապետ Մոմջյանի խոսքով, «Էրեբունի» ԲԿ-ի` իր ղեկավարած բաժանմունքում արվում են ողնաշարի հետ կապված միջամտությունների գործնականում բոլոր տեսակները. կոտրվածքների, ողնաշարի դեֆորմացիաների, դեգեներատիվ հիվանդությունների (ճողվածքներ) եւ ողնաշարի ուռուցքների բուժում: Այլ հարց է, որ մի շարք զարգացած երկրներում որոշ վիրահատություններ արվում են արդեն ավելի կատարելագործված մեթոդներով` նոր գործիքների եւ կոնստրուկցիաների կիրառմամբ, որոնք Հայաստանում առայժմ չկան:

Բժիշկը նշում է նաեւ լուրջ սոցիալական խնդիր. ողնաշարի խնդիրներով հիվանդների մեծ մասը տարեցներ են: Զարգացած երկրներում այդ մարդկանց բուժման համար վճարում են սոցիալական ծառայությունները, այդ պատճառով էլ այնտեղ վիրահատությունները շատ ավելի շատ են կատարվում: Մեզ մոտ վճարումը մեծամասամբ հիվանդներն են կատարում, իսկ տարեցները, որպես կանոն, ի վիճակի չեն մեծ գումար ծախսել ողնաշարի խնդիրների լուծման համար:

Լուրջ խնդիր է նաեւ ողնաշարի քաղցկեղը: Այս դեպքում վիրահատությունը հիվանդին փրկում է անշարժացումից, ազատում անտանելի ցավերից: Բայց քանի որ մահն անխուսափելի է` հիվանդի ընտանիքը հիմնականում գերադասում է վիրահատության վրա գումար չծախսել։

Բժիշկը խորհուրդ է տալիս նախ պահպանել ողնաշարի առողջությունը: Իսկ այս դեպքում առաջին պայմանը ճիշտ մարզումն է: Բժիշկն ասում է, որ մեր ողնաշարն ի սկզբանե հարմարեցված չէ ուղիղ քայլելուն, այդ պատճառով հեշտությամբ հիվանդանում է ու, մեծամասամբ, մեր սխալների պատճառով: Մենք ողնաշարի հատուկ վարժություններ չենք անում: Շատ կանանց թվում է, թե տնային գործեր անելիս ողնաշարն աշխատում է: Բայց դա այդպես չէ: Նույնիսկ մարզասարքերով մարզվելը չի նպաստում ողնաշարի առողջությանը, դա ընդամենն ավելորդ ծանրաբեռնվածություն է։ Ողնաշարի լավագույն մարզումն ապահովում են աերոբիկան եւ շեյփինգը: